Տպել
09.04.2021
Զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց
1 / 2

Ապրիլի 9-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը, ներկայացնելով նախաձեռնությամբ հանդես գալու շարժառիթը, նշեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոնշյալ օրենքում 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխություններն օբյեկտիվ պատճառներով ընդունվել են 2 արտահերթ նիստերի կազմակերպման միջոցով, եւ ԱԺ պատգամավորները, ելնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներից, օբյեկտիվորեն զրկված են եղել իրենց առաջարկություններն իրականացնելու իրավունքից: Հաշվի առնելով վերջին պատերազմի ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հետեւանքով հիմնադրամի առջեւ ծառացած մարտահրավերները, հրատապ կարիք է առաջացել վերանայելու մոտեցումները:

Օրենքի նախագիծը շրջանառելու պատճառ են հանդիսացել ինչպես քաղաքացիների կողմից հնչեցված դիտարկումները, այնպես էլ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հեղինակների բարձրաձայնած խնդիրները` կապված բեռի անհավասարաչափ բաշխվածության հարցի հետ:

Առաջարկվում է Ա/Ձ-ի բեռի որոշակի նվազեցում: Գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարելու են 18000-180000 դրամ, իսկ առաջարկվող կարգավորմամբ՝ 18.000-120.000 դրամ, ընդ որում էականորեն ընդլայնվելու է տարեկան 18.000 դրամ վճարողների շրջանակը:

Ֆիզիկական անձանց համար եւս էական բարելավում է նախատեսվում: Մասնավորապես, 100.001-ից մինչեւ 150.000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 150.000-300.000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նաեւ 300.001-500.000 դրամ ստացողների վճարելիք գումարը՝ դառնալով 5000 դրամ:

Նշվեց, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ցածր եւ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը` դրան զուգահեռ ավելացնելով 1.5 մլն. դրամից բարձր եկամուտներ ստացողների մասնակցության չափը: 
 
Հարակից զեկուցող Հայկ Կոնջորյանը նշեց, որ քննարկում է ունեցել նախագծի համահեղինակ Գեւորգ Պապոյանի հետ, որն առաջարկել է քվեարկությունը հետաձգել օրինագծում որոշակի շտկումներ անելու համար:

Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը եւս առաջարկեց հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով. «Կորոնավիրուսի եւ պատերազմի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարումից հետո այս մոտեցումները կրկին կարող են փոփոխությունների ենթարկվել»:

Այսպիսով առաջարկներն ընդունվեցին հանձնաժողովի կողմից, եւ հարցի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով: 
 
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով: