Տպել
31.03.2021
Աշխատանքային քննարկման առանցքում էներգետիկ բնագավառին վերաբերող հարցերն էին
1 / 5
Մարտի 31-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում էներգետիկ բնագավառի օրենսդրությանը վերաբերող հարցերն էին: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, ոլորտի մասնագետներ:

Նախատեսվում է փոփոխություններ  եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին»  եւ հարակից մի շարք օրենքներում: «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող  փոփոխությունը  վերաբերում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության չափի  բարձրացմանը: Նախագծի հեղինակ Արտաշես Պետրոսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության գործող 500 կվտ շեմը բարձրացնել մինչեւ  2մգ/վտ որոշակի սահմանափակումներով:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ  մինչեւ 1 տարվա գործունեություն ծավալած իրավաբանական անձինք կարող են տեղադրել ոչ ավելի, քան 500 կվտ հզորությամբ տեղակայանք, իսկ 1 տարուց ավելի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ ոչ ավելի, քան 2 մգ/վտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծավալները:

Հեղինակի խոսքով՝ նախաձեռնության նպատակը տնտեսվարողների համար էլեկտրաէներգիայի մատչելիության ապահովումն է, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության աշխուժացմանը: