Տպել
24.03.2021
Նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը
1 / 4

Մարտի 24-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 63-ի. գործող օրենսդրությամբ նշված զինծառայողները կարող են ծառայել մինչեւ 40 կամ 45 տարին լրանալը:

Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն՝ բարձր   համարելով առաջարկվող տարիքային շեմը: Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախաձեռնության հեղինակները պատրաստակամ են իջեցնել առաջարկվող շեմը եւ հնարավորություն տալ զինծառայողներին՝ շարունակելու իրենց աշխատանքը: Նա  նաեւ իրազեկեց, որ Արցախի  Հանրապետությունում պայմանագրային զինծառայողները կարող են աշխատել ընդհուպ մինչեւ 60 տարին լրանալը:

Հեղինակները կարծում են, որ նախագծի ընդունումը որոշ չափով կնվազեցնի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությունը ներկայացրեց Արմեն Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովը  մանրամասն քննարկել է օրինագիծը եւ անհրաժեշտ  է համարում դրա ընդունումը:  Նա եւս առաջարկեց իջեցնել տարիքային շեմը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ վստահեցրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում Կառավարությունը կաշխատի հեղինակների հետ եւ կգան համաձայնության: