Տպել
23.03.2021
ԱԺ պատգամավորների հայտարարությունները
1 / 2

Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում ԱԺ պատգամավորների հայտարարությունները

Արմեն Խաչատրյան. Գորիսում եւ հարակից համայնքներում  այսօր ծանր վիճակում են հայտնվել զբոսաշրջային  կազմակերպությունները: 2018-20 թվականներին մարդիկ 7 մլրդ դրամից ավելի ներդրումներ են կատարել, եւ  հայտնվել    ծանր վիճակում կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով: Մարդիկ վարկեր են վերցրել եւ հայտնվել խնդրի առաջ: Պետք է հրատապ միջոցներ  ձեռնարկել: Բոլորին կոչ եմ անում ուղղորդվել դեպի Սյունիք:

Սերգեյ Բագրատյան. Երբ Էկոնոմիկայի նախարարը խոսում է երկնիշ տնտեսական աճի մասին, նա պետք է է հստակ ցույց տա, թե որ ոլորտներում պետք է ներդրումներ կատարել: Տնտեսության աճի դեպքում միայն  կարող ենք մյուս ոլորտները խթանել եւ աճ ունենալ:

Գեւորգ Պետրոսյան. Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գտնվում է հետախուզման մեջ այնպիսի մի արարքի հետ կապված, որը ոչ սուբյեկտ  ունի, ոչ բացահայտված, ոչ որպես հանցագործություն արձանագրված: Ի՞նչ է նշանակում չբացահայտված գործով հետապնդել նախկին գլխավոր դատախազին:

Տիգրան Ուրիխանյան.   Լիազորված եմ հայտարարելու, որ «Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրություններին սեփական ցուցակով՝ առանց որեւէ դաշինքի, սեփական կուսակցական, այլընտրանքային կառավարության կաբինետի կազմով, գերժամանակակից  ծրագրով, ՌԴ-ի հետ նոր դաշնակցային    մակարդակի հարաբերություններով:

Գոռ Գեւորգյան. Պատերազմական եւ հետպատերազմական իրողություններն օրվա հրամայականն  են դարձրել մեր հայրենազրկված ժողովրդի զարթոնքը,  ներքաղաքական խորքային ճգնաժամի հաղթահարումը: Այսօր ավելի քան ակնհայտ է, որ երկրում ստեղծված իրավիճակի ամբողջական հաղթահարումն անկարելի է իրականացնել առանց Արցախի եւ նրա շուրջ մեր  ողջ  ուժերի ու ջանքերի  համախմբման:

Թագուհի Թովմասյան. Շուրջ 300 հոգի միջազգային հետախուզման մեջ են, եւ Ադրբեջանն ակտիվ քայլեր է ձեռնարկում, որ նրանց նաեւ Ինտերպոլի միջոցով հետախուզման ենթարկի ու ձերբակալի: Ակնկալվում էր, որ այս մի քանի ամիսների ընթացքում Դատախազությունը պետք է կոնկրետ իրավիճակներում տարվող քննության ընթացքում միջազգային հետախուզման առումով կոնկրետ քայլեր իրականացներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Սակայն, ըստ էության, այս ուղղությամբ ոչինչ չի արվել:

Տաթեւիկ Հայրապետյան. 101 տարի առաջ՝ այս օրերին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Տասնյակ հազարավոր հայեր սպանվեցին, տեղահանվեցին, հայկական մշակույթը ոչնչացվեց:  Ցավոք, 100 տարի անց պատմությունը կրկնվում է:

Տարոն Սիմոնյան. Այսօր ամենուր բոլորը խոսում են ժողովրդի անունից: Հերիք է ժողովրդի անունից պետականություն քանդեք: Ժողովուրդը միայն այսօրվա ապրող մարդիկ չեն: Ժողովուրդը միայն ձեզ ծափահարող մարդիկ չեն: Ժողովուրդն այս երկիրը մեզ ժառանգած եւ դեռ սրանից հետո ապրող հայերն են:

Շիրակ Թորոսյան. Մերօրյա աշխարհը շատ ավելի արագ է ու դինամիկ: Ընդամենը 10-20 տարի, միգուցե ավելի քիչ ժամանակ է պետք ոտքի կանգնելու եւ մեր ինքնիշխան պետությունը առաջ մղելու համար: Իմաստուն հայ ժողովուրդը, Հայաստանի խոհեմ քաղաքացին, սերտելով անցյալի դառը դասերը, վստահաբար կգտնի իր առաջընթացի ճշմարիտ ուղին:

Լիլիթ Ստեփանյան. Պատերազմի հետեւանքների վերացումը, Արցախի կարգավիճակի հստակեցումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Եվրոպական մի շարք երկրներ ընդունել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձեւեր եւ հայտարարություններ: Աշխարհի խորհրդարանների մակարդակով ընդունվել են պատերազմն ու դրա հետեւանքները դատապարտող 33 բանաձեւ:

Սրբուհի Գրիգորյան. Ի՞նչ եք արել բոլորդ, որ չդատարկվեր Հայաստանն այսչափ: Քաղաքականությունն ամեն առիթով մանիպուլացնելը արվեստ եք դարձրել ու դրա համար սահման չեք ճանաչում: Դադարեցրե՛ք շահարկել զոհված մեր տղաների անունը, դադարեցրե՛ք օգտագործել նրանց մայրերի արցունքները, բավակա՛ն է իրարից վրեժ լուծեք: Ազատվե՛ք իրար նկատմամբ ատելության այս մեծ չափաբաժնից:

Արտյոմ Ծառուկյան. Պատերազմի ավարտից անցել է 5,5 ամիս: Մենք ունենք ծանր վիճակում հայտնված երկիր, թուլացած բանակ, քայքայված տնտեսություն, պառակտված հասարակություն եւ ամենավատը՝ հավատի կորուստ ապագայի նկատմամբ: Թշնամի Ադրբեջանն ու Թուքիան շարունակում են առաջ տանել Հայաստանի ոչնչացման ծրագիրը, իսկ ի՞նչ ենք անում մենք…

Կարեն Գրիգորյան. Մենք պետք է ուրախ լինենք, որ նոր Հայաստանում պետական պաշտոնյան ունի ֆինանսի խնդիր: Նոր Հայաստանում պետական պաշտոնյան զբաղված չէ ալան-թալանով, որ չունենա պարգեւավճարի խնդիր:

Միքայել Մելքումյան. Հայ ժողովուրդը առաջիկայում  պետք է մոբիլիզացվի եւ դիմակայի ու հաղթահարի այն համատարած  ճգնաժամը, որը տիրում է:

Վահե Էնֆիաջյան. Հետպատերազմյան ժամանակահատվածում պարբերաբար առիթներ ունեցել ենք խոսելու ստեղծված իրավիճակի մասին, այդ թվում այն լրջագույն մարտահրավերների ու խնդիրների, որոնք դարձել են մեր երկրում պրոբլեմ: Նաեւ մատնանշել ենք դրանց լուծման ուղիները:

Արման Բաբաջանյան. Մենք, ըստ էության, պատմական շատ կարեւոր շրջափուլում ենք եւ արժե, որ հետահայաց ամփոփենք անցած ճանապարհը, նաեւ հավաքական պարտության պատճառները կարողանանք գնահատել:

Աննա Կոստանյան. Հարգելի գործընկերներ, աշխարհի բոլոր խորհրդարաններից, Հայաստանը եւ Արցախը միշտ հարգալից եւ հոգատար են եղել այլ ժողովուրդների եւ կրոնների մշակութային հուշարձանների ու արժեքների նկատմամբ: Խնդրում եմ, մի՛ աջակցեք հակահայ քաղաքականությանը եւ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կեղծման քաղաքականությանը: Սա անընդունելի է: Կանխե՛ք Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ մշակութային վանդալիզմը:

Բաբկեն Թունյան. Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընդդիմադիր գործընկերներին իրենց քննադատական ելույթների համար: Ես դրանք կարող է չկիսեմ, չընդունեմ, հակադարձեմ, բայց դա շատ օգտակար է: Խնդրանքս է, որ համատեղ աշխատանքը լինի ողջախության շրջանակներում:

Սոֆիա Հովսեփյան. Մի կարեւոր հարցի մասին եմ ուզում խոսել, որը պարբերաբար բարձրաձայնվում է զոհված եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների կողմից: Դա վերաբերում է այս ընտանիքների վարկային պարտավորություններին, որոնք այս պահին որեւէ աջակցություն չեն ստացել եւ ունեն վարկերի մարման խնդիրներ: Բանկերից պատասխանում են նրանց, որ կարող են զիջումներ անել, տոկոսները մարել կամ վարկը զրոյացնել, եթե վարկը զոհվածի կամ անհայտ կորածի անունով լիներ:

Շաքե Իսայան. Մեր տղաները զոհվեցին, որ երբ Ալիեւն ասի Արցախի հարցը լուծված է, մենք ասենք՝ ոչ: Ահա պատերազմի պատասխանը. արդարացումն ու հիմնավորումը տրված անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից` պատերազմից չորս ամիս անց: