Տպել
05.02.2021
Կկրճատվի բուհերի կառավարման խորհրդի կազմը
1 / 8

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով գործադիրն առաջարկում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները, մեխանիզմները: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվեց փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ: Փաթեթը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ըստ զեկուցողի՝ անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության եւ աստիճանական ինտեգրման համար:

Ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան, որի ավարտին կշնորհվի դոկտորի (PhD) որակավորում: Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը, ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսուցմամբ: Ուսանողները կկարգավորեն իրենց ուսումնառության ինտենսիվությունը՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով եւ ֆինանսական հնարավորություններով: Երկու եւ ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել եւ իրականացնել կրթական ծրագիր եւ շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ եւ կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը: Պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող եւ սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը: Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի  9 անդամով: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Նիստի ընթացքում որոշ հարցերի վերաբերյալ պատգամավորները ներկայացրեցին առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն հեղինակների կողմից առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...