Տպել
09.10.2020
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 36

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Պատգամավորներն ընդունել են արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշում:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի խոսքով` օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն, ուստի նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել եւ հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը:

Օրենսդրական փոփոխությամբ, մասնավորապես, առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ: Միաժամանակ, առավել մեծ հանրային վտանգավորություն ունեցող արարքների դեպքում նախատեսվում են քրեական պատասխանատվության միջոցներ, եթե դրանք առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելու համար: Քրեական դատավարության օրենսգրքում կատարվող լրացմամբ առաջարկվում է սահմանել լրացվող հանցակազմերով քրեական գործերի քննչական ենթակայությունը: Միաժամանակ, հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ընդունված վարչական ակտերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ դրանց՝ վարչական դատարան բողոքարկումը չի կասեցնում վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտի կատարումը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Տարոն Սիմոնյանը: Պատգամավորը նշել է, որ օրենսդրական փաթեթում որոշ դրույթներ խնդրահարույց են, ունեն հստակեցման կարիք: Նա հույս է հայտնել, որ մասնագիտական քննարկման արդյունքում, դրանք կշտկվեն: Խմբակցությունը մտավախություն ունի նաեւ, որ օրինագծով մասնավորապես, սահմանափակվում է պատգամավորների` գերատեսչությունների աշխատանքներին ուղղված քննադատությունների իրավունքը:

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Անդրանիկ Քոչարյանը: Բանախոսը տեղեկացրել է, որ առաջին անգամ է երկիրը գտնվում իրավական ամենախիստ` ռազմական դրության փուլում: Կարեւորելով օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը` պատգամավորն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթով փորձ է արվում ապահովել ներքին կայունությունը:

Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ մտահոգություններին: Նա նշել է, որ բերված կարգավորումները ինքնանպատակ չեն, դրանցով չեն սահմանափակվում պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ պատգամավորների ազատ արտահայտման իրավունքները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ ասորի պատգամավոր Արսեն Միխայլովն իր ելույթում հայտնել է, որ այս դժվարին պահին, ինչպես եւ միշտ, ասորական համայնքը հայ ժողովրդի կողքին է: «Ամբողջ աշխարհի ասորական հանրությունն իր ձայնն է բարձրացրել ու սատարել է հայ ժողովրդին այս դժվարին օրերին: Մենք միշտ միասնական ենք, միասնական կլինենք ու միշտ հաղթելու ենք»,- ասել է Արսեն Միխայլովը: Պատգամավորը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ասորական համայնքների կողմից մոտ 6 հազար դոլար է փոխանցվել արցախցիների ու զինվորների կարիքներին ուղղված հիմնադրամին:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ օրինագծով առաջարկվող կարգավորման նպատակը հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող անձանց աշխատանքային հարաբերություններում որոշակի երաշխիքներ նախատեսելն է: Ներկայացված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հստակ սահմանել, որ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):

Նախագծի ընդունմամբ միաժամանակ կապահովվի ռազմական դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքի անխափան իրականացումը` հնարավորություն տալով վերջիններիս անհրաժեշտության դեպքում հետ կանչել արձակուրդում գտնվող աշխատողներին` առանց վերջիններիս համաձայնությունը նախապես ստանալու:

Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, կարեւորելով օրենքի նախագծի անհրաժեշտությունը, ընդգծել է, որ դրա ընդունումը խիստ կարեւոր է նաեւ նախարարության համար:

Ելույթներում պատգամավորները եւս դրական գնահատականներ են հնչեցրել ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ:

Պատգամավորները քննարկված հարցերն ընդունել են առաջին ընթերցմամբ:

Նշենք, որ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ:

Օրվա ավարտին ներկայացված օրենքների նախագծերը խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանի, բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Նա նշել է, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լրամշակվել է:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հրաչյա Հակոբյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծերի փաթեթը հանձնաժողովում քննարկման արդյունքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, որոնց հիմնական մասը տեխնիկական բնույթի են:

ՀՀ ԱԺ պետական -իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է  Սերգեյ Ատոմյանը:

Պատգամավորները քննարկված հարցերը քվեարկությամբ ընդունել են:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...