Տպել
24.09.2020
Սեմինար՝ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին խորհրդարանում տեղի է ունեցել սեմինար հանրային ֆինանսների ոլորտում Ազգային ժողովի մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով, որին մասնակցում էին պատգամավորներ, պատգամավորների օգնականներ, մշտական հանձնաժողովների փորձագետներ, աշխատակիցներ ԱԺ աշխատակազմից:

Գենդերային (գենդերազգայուն) բյուջետավորում թեմայով զեկույցում ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող, փորձագետ Գագիկ Բարսեղյանն անդրադարձել է «գենդեր» հասկացությանը, գենդերային բացերին եւ դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին, գենդերային հավասարությանը, գենդերային (գենդերազգայուն) բյուջետավորմանը, դրանց կիրառման միջազգային փորձին եւ ՀՀ բյուջետային գործընթացում գենդերային (գենդերազգայուն) բյուջետավորման կիրառության նախադրյալներին ու հնարավորություններին:

Բանախոսին ուղղված հարցերը վերաբերել են գենդերային հավասարությանը, գենդերային բացերին, գենդերային արդարությանը, արձանագրված ցուցանիշներով պայմանավորված առկա խնդիրներին, գենդերային հավասարության նպատակներին, գենդերային բյուջետավորման եւ գենդերային բյուջետավորման կիրառման խորհրդարանական գործիքակազմերին:

Մակրոտնտեսական կառավարումը ռեսուրսներով հարուստ երկրներում թեմայով զեկույցում Բյուջետային գրասենյակի փորձագետ Աշոտ Եղիազարյանը ներկայացրել է ռեսուրսներով հարուստ երկրներում տնտեսական աճի ցուցանիշները, բնական ռեսուրսների փոխկապակցվածության հարցը, անդրադարձել է ֆիսկալ քաղաքականության առանձնահատկություններին, պետական ներդրումներին, անկախ բյուջետային կազմակերպությունների, այդ թվում՝ խորհրդարանական բյուջետային գրասենյակների գործունեությանը: Սեմինարի ընթացքում քննարկումներ են ծավալվել դիվերսիֆիկացված տնտեսություն կառուցելու, ռեսուրսներով հարուստ երկրներում սուբսիդիաների տրամադրման, ռեսուրսների արդարացի բաշխման, համաշխարհային պրակտիկայում պետական ներդրումների արդյունավետության վերաբերյալ: