Տպել
23.08.2005
Հայ-ավստրիական կապերը` զարգացման նոր փուլում

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ավստրիա-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Յոհան Զաքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում Ավստրայի դեսպան Հայդեմարիա Գյուրերը:

Հանդիպման ըն թացքում քննարկվեցին հայ-ավստրիական քաղաքական ու տնտեսական կապերի խորացման խնդիրները: Պարոն Զաքսը նշեց, որ ԱԺ նախագահի Ավստրիա կատարած պաշտոնական այցի կարեւոր արդյունքներից մեկն էլ Երեւանում գումարված Ավստրիա-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նիստն էր, որը լավ կազմակերպված էր եւ կարող է էականորեն ընդլայնել տնտեսական համագործակցության շրջանակները: Նշվեց, որ առաջիկայում Վիեննայում կկայանա ներդրումների հարցին նվիրված սեմինար, որտեղ կներկայացվեն Հայաստանի ներդրումային օրենսդրությունն ու տնտեսական օրեցօր բարելավվող հնարավորությունները, եւ դա լավ շանս կարող է դառնալ ավստրացի ներդրողների Հայաստան մուտքի համար, ինչպես նաեւ հայ ներդրողների Ավստրիա, ուրեմն նաեւ Եվրամիության շուկա, մուտք գործելու համար: Նշվեց, որ արդեն իսկ ծրագիր կա Ծա ղկաձորի իբրեւ հանգստավայրի ու մարզիկների մարզումների գոտու զարգացման առնչությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, մեծ նշանակություն տալով հայ-ավստրիական քաղաքական ու առեւտրատնտեսական, գիտակրթական կապերի զարգացմանը, շնորհակալություն հայտնեց Ավստրիայի կառավարությանը` Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել միջպետական համաձայնագրերի կենսագործմանը:

Հանդիպման ընթացքում երկկողմանիորեն կարեւորվեց «Ավստրիական ավիաուղիների» լավ աշխատանքը, որը Հայաստանը մեծ աշխարհին կապող ամենագործուն օդային կամուրջներից մեկն է: