Տպել
14.01.2020
Քննարկվել են ֆինանսական շուկայի կայունության ապահովմանը, ավանդատուների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ
1 / 5

Հունվարի 14-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի՝ ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների գործունեության միջազգային փորձը եւ այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ Կենտրոնական բանկը որդեգրել է քաղաքականություն, ինչը թույլ կտա հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում եւ ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանը եւ սպառողների լայն շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից:

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ նախագծի ընդունմամբ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, եւ նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից:

Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Համազասպ Դանիելյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում ընդունված է, որ ավանդների համար տոկոսները հաշվեգրվում են ավանդի ժամկետի փաստացի օրերի հաշվարկով, այնինչ մեր երկրում գործող օրենսդրական ձեւակերպումների համաձայն՝ ցանկացած ժամկետով ավանդ ներդնելու դեպքում չի վճարվում մեկ օրվա տոկոսը, քանի որ տոկոսների հաշվեգրումը սկսվում է ավանդը բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու նախորդ օրը: Նախաձեռնության հեղինակների ներկայացմամբ՝ մեկ օրով ավանդ դնելու դեպքում բանկն ընդհանրապես տոկոս չի վճարում, ինչը հակասում է ավանդ գործիքի տնտեսագիտական բովանդակությանը: Նախագծով առաջարկվում է բանկային ավանդի համար տոկոսները վճարել ինչպես ներդրման, այնպես էլ վերադարձման օրերի համար:

Հարակից ցեկույցում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ միջօրյա (overnight) ավանդ կնքելու հնարավորություն ստեղծելու նպատակով Կառավարությունը նպատակահարմար է համարում բանկային ավանդի համար տոկոսների հաշվարկն իրականացնել ավանդի ներդրման օրվանից սկսած, սակայն ոչ ավանդի մարման օրը: Գործադիրի տվյալ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավանդի մարման օրը բանկն ավանդի միջոցներն օգտագործելու հնարավորություն չունի:

Կառավարության այս եւ այլ առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից եւ ներառվել նախագծում:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի մարտի 1-ից:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ այն բխում է ավանդատուների շահերից:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի՝ նախագիծն ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը. նախաձեռնության ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիային (ICMA), որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար մուտք գործել ՀՀ շուկա:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով  հետաձգվել են ՀՀ կառավարության հեղինակած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումները:


11.06.2024
Առաջարկվում է հնարավորություն տալ գրադարաններին` իրականացնելու որոշակի տնտեսական գործունեություն
Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ...

11.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հունիսի 11-ին` ժամը 16:00-ին, 314 սրահում: ...

11.06.2024
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին
Նախագծով սահմանվում է դրույթ, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերում մինչեւ քվեարկության օրը կտեղադրվի ընտրողների ցուցակը, որը պետք է պարունակի ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ...

11.06.2024
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել տարածաշրջանում  ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը` ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցու...

11.06.2024
Նոր կարգավորումների ընդունմամբ մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը կդառնան առավել համակարգված գործընթաց
«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ նիստում քննարկվել են առաջին ընթերցմամբ: Նախագծի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կանոնների համապատասխանեցմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ ...

11.06.2024
Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որ...

11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդո...