Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը եւ Սերգեյ Բագրատյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Դեսպանը հետաքրքրվել է, թե խմբակցությունն ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու աշնանային նստաշրջանի ընթացքում: Այս համատեքստում խորհրդարանականները տեղեկացրել են, որ նախաձեռնությունները լինելու են տարբեր ուղղություններով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, տնտեսական, հակակոռուպցիոն ռազմավարություն: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաեւ կանանց հանդեպ տեղի ունեցող բռնության խնդրի եւ դրան առնչվող օրենսդրական կարգավորումների մասին: Անդրադարձ է կատարվել նաեւ այս օրերին արդիական հարցին՝ Ամուլսարի խնդրին:
Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով գործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ: