Տպել
21.04.2005
90-րդ բաց դասը վարեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ փետրվարի 21-ից հանրապետության դպրոցներում Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպվել են բաց դասեր: Դրանք անցկացրել են մանկավարժներ, գիտնականներ, հասարական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս կերպ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ղեկավարությունը փորձել է դպրոցականներին ներկայացնել դարասկզբի ոճրագործության անպատժելիության հետեւանքները եւ ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը: Բաց դասերին մասնակցել են 300 հազար աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերից:

«Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային համալիրում ապրիլի 21-ին կայացավ Հայոց Մեծ եղեռնի թեմայով 90-րդ բաց դասը, որը վարեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Եթե քաղաքակիրթ հասարակությունը ժամանակին դատապարտեր 1915 թ-ին իրականացված Հայոց ցեղասպանությունը, տարիներ անց Ադոլֆ Հիտլերը չէր ասի` «Իսկ հայերի մասին այսօր ո՞վ է հիշում», -նշեց խորհրդարանի նախագահը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ գնալով մեծանում է այն երկրների թ իվը, ովքեր ճանաչում ու դատապարտում են 1915թ-ի հայոց ցեղասպանությունը, եւ դա առաջադեմ մարդկության ու քաղաքակիրթ հասարակարգի առաջնահերթ խնդիրների թվում պետք է լինի: Ըստ խորհրդարանի նախագահի, 90 տարի անց, մենք նորից պետք է ապացուցենք, որ մեր երկիրը ամուր է, կազմակերպված ու տարածաշրջանում մրցունակ:

Բաց դասը եզրափակվեց համերգային ծրագրով: Այնուհետմարզահամերգային համալիրում հավաքված 10.000 աշակերտներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ մեկական ծաղիկ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: