Տպել
13.02.2019
Խորհրդարանը շարունակել է քննարկել Կառավարության ծրագիրը
1 / 19

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 13-ին շարունակել է Կառավարության առաջիկա ծրագրի քննարկումը: Պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. նախորդ օրը հերթագրվել էր 53 պատգամավոր:

Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին մտահոգող, ինչպես նաեւ փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիների խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ առեւտրային նպատակով ներկրվող ապրանքներն օրենքի համաձայն պետք է մաքսազերծվեն, իսկ ինչ վերաբերում է փողոցային առեւտրին, ապա այն պետք է իրականացնել դրա համար սահմանված վայրերում, այլ ոչ թե քաղաքի կենտրոնական փողոցներում:

Պատգամավորներից հետաքրքրվել են` 2-3 տարի անց ծրագրի որ դրույթների չկատարված լինելու դեպքում վարչապետը կարող է ծրագիրը համարել վտանգված: Որպես այդպիսիք Նիկոլ Փաշինյանը նշել է աղքատության եւ գործազրկության, հարկեր-ՀՆԱ, արտահանման ծավալների ու տնտեսական աճի ցուցանիշները: Ըստ վարչապետի՝ արտահանման աճն արդեն իսկ հեղափոխական է. այն տեղի է ունեցել հանքարդյունաբերության էական կրճատման պայմաններում: Նշվել է, որ աճ գրանցվել է մասնավորապես թեթեւ արդյունաբերական ապրանքների արտահանման ավելացման շնորհիվ:

Ինչ միջոցառումներ են իրականացվելու, որպեսզի երաշխավորվի դատական իշխանության անկախության ապահովումը արտաքին միջամտություններից հարցին ի պատասխան ՀՀ վարչապետը նշել է, որ իրենց քաղաքական թիմի կամքն է ունենալ անկախ դատական համակարգ: Նրա խոսքով՝ դատավորների սոցիալական երաշխիքների հարցը կրկին օրակարգային է:

Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել Ալավերդի քաղաքում պղնձաձուլարանի աշխատակիցների կողմից միջպետական երկաթգիծը փակելու եւ գործարանի ճակատագրի հստակեցման վերաբերյալ: Վարչապետը պատասխանել է, որ տեղյակ է խնդրից եւ միջոցներ են ձեռնարկվում հարցերի կարգավորման համար:

Գազի գնի փոփոխության հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թվականին գազի գինը չի բարձրանալու:

ՀՀ վարչապետն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած մի շարք հարցերի եւս, որոնք վերաբերել են ներդրողների իրավունքների պաշտպանությանը, կադրային քաղաքականությանը, օրենսդրական աշխատանքների որակին, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը:

Մտքերի փոխանակության համար գրանցվել էր 42 պատգամավոր:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են ՀԴՄ կտրոնների տրամադրման գործում քաղաքացիների դերակատարությունը, գործարարությանն ու աշխատանքի խրախուսմանն ուղղված կառավարության գործելաոճը, բիզնեսի եւ պետական պաշտոնի տարանջատումը, արտաքին ներդրումների ներգրավումը: Անդրադարձ է կատարվել աշխատատեղերի սակավությանը, արժանապատիվ թոշակների եւ աշխատավարձերի բացակայությանը, ծրագրի տրամաբանությանն ու Կառավարության քայլերին, որոնք պետք է տանեն դեպի հայտարարված տնտեսական հեղափոխություն: Որոշ ելույթներում ծրագիրը որակվել է չափազանց զգուշավոր, շտկումների կարիք ունեցող: Մատնանշվել են նաեւ դատական համակարգում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Խոսելով ծրագրով արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածից՝ պատգամավորները որպես առաջնահերթություն կարեւորել են արցախյան հիմնահարցի լուծումը:

Անդրադառնալով տարածաշրջանային քաղաքականությանը՝ կարեւոր է համարվել վարչապետի առաջիկա այցը Իրան, ինչը եւս մեկ աստիճանով կբարձրացնի հայ-իրանական հարաբերությունները: Ներկայացվել են նաեւ ջավախահայության խնդիրները:

Փոխանցելով ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ այն է՝ կառավարությունը պատրաստակամ է քննարկել խմբակցությունների բոլոր գրավոր առաջարկները, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորել է պատգամավորներին ձեւակերպել իրենց առաջարկները եւ հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Ելույթներում ընդգծվել է, որ զարգացման առանցքային գործոն պետք է դառնա ստեղծարար աշխատանքը. 21-րդ դարում, երբ աշխարհն ընթանում է արդյունաբերական, թվային հեղափոխությամբ, անխուսափելի է հարացույցերի փոփոխությունը:

Խոսվել է ծրագրում սահմանամերձ համայնքների ամրապնդմանն ուղղված դրույթների բացակայության, պետական ծառայության համակարգում, կրթության ոլորտում առկա խնդիրների, կոռուպցիայի ու աղքատության հաղթահարմանը, ինչպես նաեւ մենաշնորհների դեմ պայքարին ուղղված քայլերի մասին: Անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական հեղափոխության իրականացմանը. այս հարցում կարեւորվել է մարդկային կապիտալի ներուժը եւ տեխնոլոգիական հագեցվածությունը:

Կարծիք է հնչել, որ Կառավարությունը տնտեսական հեղափոխություն առաջարկող փաստաթուղթ է ներկայացրել, եւ այն տնտեսական նոր մոդել է առաջարկում:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ին:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...