Տպել
08.02.2019
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Շնորհավորելով Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Ուրազաեւը նշել է, որ Հայաստանում հավատարմագրված դեսպանները քննարկել եւ ողջունել են այս կարեւորագույն պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի նշանակումը, քանի որ նա սկզբունքային քաղաքական գործիչ է:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության օրակարգը: Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն աշխատել Ղազախստանի խորհրդարանի՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների հետ՝ հաշվի առնելով նաեւ Ղազախստանում հայկական համայնքի ներկայությունը:

Դեսպանը նշել է, որ իր երկիրը լուրջ քայլեր է կատարում միանալու միջազգային այն կոնվենցիաներին, որոնց հիմքում են մարդու իրավունքը, արդար դատական համակարգը. այս պահին գործընթացի մեջ է Ղազախստանի միացումը ԵԽ «Գրեկո» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպությանը:

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առկա խնդիրները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցանկացած հարց պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, գործընկերների միջեւ չկան եւ չպետք է լինեն անլուծելի խնդիրներ: Նա կարեւորել է Հայաստանում ներդրումների ներգրավումը հատկապես այս փուլում, երբ մեր երկրում հայտարարվել է տնտեսական հեղափոխության նոր շրջան: Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանում ներդրումների եւ տնտեսական զարգացման համար խաղի նոր կանոններ են գործում, եւ մեր պետությունն իրականացվող ներդրումների հարցում պատրաստ է դառնալ երաշխավոր:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...