Տպել
25.03.2005
Փախստականների հիմնահարցերը` ուշադրության կենտրոնում

Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ժողովրդագրության հանձնաժողովի զեկուցող Բորիս Չիլեւիչին:

Հանդիպման առանցքում փախստականների նկատմամբ Հայաստանում իրականացվող քաղաքականությունն էր. պարոն Չիլեւիչը կարեւորեց այն փաստը, որ Հայաստանը հնարավորն անում է փախստականներին հասարակության մեջ ինտեգրելու համար, նա ընդգծեց, որ ոլորտի օրենսդրությունը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ որոշակի ծրագրերի առկայությունը հույս է ներշնչում, որ մի քանի տարի հետո Հայաստանն այլեւս չի ունենա փախստականների հիմնահարց: Այս առումով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ժողովրդագրության հանձնաժողովի զեկուցող Բորիս Չիլեւիչը դրական գնահատեց Աժ նախագահին առընթեր փախստականների խորհրդի գործունեությունը` իբրեւ նրանց օրենսդրական ու գործնական խնդիրների արծարծման ու լուծման կարեւոր օղակ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով փախստականների խնդիրների լուծման առաջնահերթությունը,  ի թիվս իրավական, սոցիալական, կրթական խնդիրների, առանձնացրեց երկու հիմնահարցեր` նրանց բնակարանով ու աշխատանքով ապահովելը: Նշվեց, որ պետական բյուջեում եւս բնակարանային հարցի լուծման համար գումարներ են նախատեսված եւ Հայաստանի 9 մարզերում ծրագրեր են իրականացվում: Խորհրդարանի նախագահը նշեց, որ փախստականների մասնագիտական որակավորման եւ աշխատաշուկայում նրանց տեղն ապահովելու համար նախատեսվում է բուհերում հատուկ դասընթացներ անցկացնել: Այդ խնդրի լուծմանն են ծառայում նաեւ հանրապետության մարզերում ու Երեւանում գործող ու բացվելիք համակարգչային կենտրոնները: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵԽԽՎ հովանու ներքո փախստականների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի իրականացման խնդիրը: