Տպել
06.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբին ներկայացվել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության առաջարկները
1 / 4

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» եւ «Ելք« խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը գործընկերների քննարկմանն է ներկայացրել շուրջ մեկուկես տասնյակ առաջարկ, որոնցից մի քանիսը հետագայում չեն քննարկվի, քանի որ դրանք, ինչպես պարզվել է քննարկման արդյունքում, փոքր-ինչ այլ ձեւակերպումներով առկա են ՀՀ ընտրական օրենսգրքում: Որոշներն էլ համընկնում էին «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունների առաջարկների հետ: Հանձնաժողովի որոշմամբ կընտրվեն եւ հետագայում քննարկման կներկայացվեն ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների այն առաջարկները, որոնք միմյանց չեն կրկնի:

Այսպես՝ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հաջորդ խորհրդարանական ընտրություններն անցկացնել պարզ՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի միջոցով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի մեկ ընդհանուր փակ ցուցակով: Ըստ նրանց՝ գործող օրենսգրքով սահմանված համամասնական ընտրական համակարգն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից եւ դրա հիմքում իրականում թաքնված է մեծամասնական ընտրակարգը:

«Ծառուկյան» խմբակցության առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ մարզերից կուսակցության համապետական ցուցակում պարտադիր թեկնածուներ ունենալուն: Առաջարկվում է Ընտրական օրենսգրքում սահմանել, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով վեցնյակներում (1-6, 1-12, 1-18, յուրաքանչյուր մարզից մեկական թեկնածու առաջադրելու սկզբունքով եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) ընդգրկվեն՝ վերջին 5 տարում ՀՀ մարզում գրանցված եւ մշտապես բնակվող թեկնածուներ: Համապետական ընտրական ցուցակում ՀՀ մարզերից թեկնածուների առաջադրման հերթականությունը հաջորդաբար կորոշվի՝ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող մարզից: Համապետական ընտրական ցուցակի առաջին մասից ՀՀ մարզից պատգամավոր ընտրված կամ մանդատից հրաժարված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն առաջարկվում է տալ այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի՝ նույն մարզից ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուին: Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ՀՀ տվյալ մարզից այլ թեկնածու չկա, ապա մանդատը կտրվի համապետական ցուցակի հաջորդ համարի թեկնածուին:

Խմբակցությունն առաջարկում է նաեւ հավասար քարոզչական պայմաններ ապահովել զորամասերում եւ զինվորականների քվեարկության ժամանակ ընտրական տեղամասում արգելել վերադաս սպայի ներկայությունը, քարոզարշավում ընդգրկված աշխատողներին ազատել եկամտահարկից, ընդլայնել նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի ցանկը, արգելել նույն անձի կողմից մեկից ավելի ընտրողներին քվեարկելիս օգնելը: Առաջարկվում է նաեւ անվավեր համարել այն քվեաթերթիկը, որի վրա կա նշում, կամ ծրարում կա որեւէ առարկա:

Մեկ այլ առաջարկով պատգամավորներն առաջարկում են առանձնացնել ընտրական տեղամասերը, եթե նույն շինությունում երկու ընտրատեղամաս է սահմանված:

Խմբակցությունը կարեւոր է համարել նաեւ Հանրային հեռուստառադիոընկերությամբ բանավեճերի անցկացումն ու անվճար րոպեների քանակի ավելացումը հատկապես երեկոյան ժամերին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը եւս առաջարկել է վերանայել Քրեական օրենսգրքով ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը՝ արարքը ծանրացնելու միջոցով եւ այլն:

Նախատեսվում է, որ աշխատանքային խմբի հաջորդ նիստին կմասնակցեն ՀՀ կառավարության՝ նույն նպատակով ստեղծված աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստի մասին կտրվի տեղեկատվություն:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...