Տպել
03.07.2018
Ցուցահանդես խորհրդարանում՝ նվիրված Առնո Բաբաջանյանին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հուլիսի 3-ին բացվել է հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդես՝ «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսով:

Այն բացվել է «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագիրը կրող միջպետական փառատոնի շրջանակում՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների աջակցությամբ եւ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի մասնակցությամբ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանում վաղուց ձեւավորվել եւ շարունակվում է հայ մշակույթի ականավոր գործիչներին նվիրված ցուցադրություններ կազմակերպելու գեղեցիկ ավանդույթը:

«Այսօր մենք հյուրընկալում ենք 20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտական արվեստի հսկաներից Առնո Բաբաջաբյանին,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ հավելելով,-սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Առնո Բաբաջանյանի ողջ կյանքն ու գործունեությունը եւս մի յուրօրինակ ծառայություն էր հայրենիքին ու ժողովրդին: Եվ այն արժանացավ բացառիկ բարձր գնահատանքի: Տասնամյակներ են անցել, բայց նրա երգերը մեր շուրթերին են, իսկ կախարդական մեղեդիները՝ մեր հոգիներում»:

Ցուցադրությունը խորհրդարանում կազմակերպելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին շնորհակալական խոսք է ուղղել մեծանուն կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը: «Ինձ համար մեծ պատիվ է հայրիկիս կյանքին ու գործունեությանը նվիրված նմուշների ցուցադրությունը Հայաստանի խորհրդարանում»,-ասել է նա՝ ներկաներին փոխանցելով կոմպոզիտորի մեծ սերը հայրենիքի, Երեւանի, հայրենակիցների նկատմամբ:

Կոմպոզիտորի որդին նշել է, որ Հիմնադրամը նպատակ ունի Երեւանում ստեղծել Առնո Բաբաջանյանի թանգարան: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, կարեւորելով նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ այդ առաքելության իրականացմանը կմասնակցի՝ որպես աջակցություն փոխանցելով իր մեկ ամսվա աշխատավարձը՝ գործընկերներին կոչ անելով սատարել գաղափարի իրականացմանը:

Արա Բաբաջանյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Հիմնադրամի խորհրդի որոշմամբ պարգեւատրել է Առնո Բաբաջանյանի անվան մեդալով՝ նկատի ունենալով նրա մեծ ներդրումը կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանման ու տարածման գործում:

Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ եւ այլ հյուրեր:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...