Տպել
24.04.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1 / 1

Սիրելի հայրենակիցներ,

այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսեւորում է մեր ժողովուրդը` փաստելով, որ մեզ անհնար է հաղթել նույնիսկ ցեղասպանությամբ:

Հայաստանն այսօր ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է: Մենք հիշեցնում եւ նախազգուշացնում ենք քաղաքակիրթ աշխարհին, որ մարդկային գենոֆոնդի դեմ ուղղված հանցագործությունները` ի դեմս Հայոց ցեղասպանության, ծանրագույնն են մարդու կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների շարքում: Ավելի քան 100 տարի առաջ գուցե աշխարհում այնքան չարության ու ատելության կուտակում չկար, որքան մեր օրերում է, սակայն աշխարհի անտարբերությունն այն ժամանակ հանգեցրեց միլիոնավոր մարդկային զոհերի, ովքեր ցեղասպանվեցին կամ իրենց բնօրրաններից բռնի տեղահանվեցին ազգային պատկանելության` հայ լինելու պատճառով: Այսօր միջազգային հանրությունից պահանջվում է ոչ միայն անտարբեր չլինել, այլեւ կանխարգելիչ ու պատժիչ քայլեր կատարել բոլոր նրանց նկատմամբ, ում հոգեբանության, մտածելակերպի ու գործունեության հիմքում ատելությունն է այլոց հանդեպ, ում գիտակցության մեջ, որպես պետություն կամ անհատ, ժխտողականությունը Հայոց ցեղասպանության հանդեպ շարունակում է տիրապետող մնալ: Այլապես ցեղասպանությունը` որպես չդատապարտված ու մերժելի մեծագույն հանցագործություն, որպես ողբերգություն, շարունակելու է տեղ գտնել նաեւ մերօրյա իրականության եւ աշխարհի նորագույն պատմության մեջ:

Սիրելի հայրենակիցներ,

որեւէ մեկն ի զորու չէ փոփոխել անցյալը, բայց մենք պարտավոր ենք հետ նայել` երբեւէ չմոռանալու 1915թ. ողբերգությունը, ոգեկոչելու մեր սրբադասված նահատակներին: Սակայն մենք առավել քան վստահ պետք է նայենք ներկային եւ, որ ամենակարեւորն է, ապագային: Նայենք ու գործենք վճռականությամբ, հաղթենք ու հզորանանք` մեզանով իսկ խորհրդանշելով վերածնունդը եւ երբեք չխամրող հիշողությունը:

Ապրիլի 24-ը մեզ միաժամանակ հիշեցնում է մեր մեծագույն կորուստների եւ այն մասին, թե որքան ամուր, անկոտրում եւ կենսունակ ենք մենք: Ուստի, մշտապես վառ պահելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` պարտավոր ենք ունենալ ավելի ուժեղ Հայաստան, անվտանգ Արցախ եւ համախմբված Սփյուռք` հանուն հուսալի եւ լուսավոր ապագայի:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...