Տպել
09.04.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Արմեն Աշոտյանի նախագահությամբ ապրիլի 9-ին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովների դրական եզրակացությամբ կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերում: Քննարկմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդհանուր գծերով ներկայացրել է համաձայնագիրը՝ նշելով, որ դրա շուրջ ընթացող բանակցային գործընթացն ավարտվել է ընթացիկ տարվա փետրվարին, որից հետո կողմերն անցել են փաստաթղթի իրավական զննմանը: Հրապարակվել են դրա հայերեն եւ անգլերեն տարբերակները:

Փոխնախարարն անդրադարձել է համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ նշելով, որ գործել են երկու աշխատանքային խմբեր, որոնք զբաղվել են փաստաթղթի քաղաքական եւ տնտեսական մասերով:

386 հոդվածից եւ 3000 էջից բաղկացած համաձայնագիրը պետք է վավերացնի ԵՄ անդամ 28 երկիր. առայժմ վավերացրել է մեկը: Այն արդեն հավանության են արժանացրել ՀՀ սահմանադրական դատարանը եւ ՀՀ կառավարությունը: Կարեն Նազարյանի խոսքով՝ համաձայնագիրն ընդգրկուն է, այն հնարավորություն է տալու ամրապնդել Երեւանի եւ Բրյուսելի միջեւ քաղաքական երկխոսությունը, ամուր հիմք է ստեղծելու տնտեսական ու սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: Համաձայնագրով նաեւ կաշխուժանա էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը, կմեծանա ՀՀ քաղաքացիների շարժունակությունը: Այն նաեւ կնպաստի առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը եւ ներդրումների խրախուսմանը:

Հարակից ելույթներ են ունեցել հանձնաժողովների նախագահներ Արմեն Աշոտյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

Պատմական գնահատելով համաձայնագրի ստորագրումը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այն համարել է մեր երկրի արտաքին քաղաքականության հաջողված պատմություններից մեկը: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն համաձայնագիրը: Նա առանձնապես կարեւորել է խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը ոլորտներում, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրների հետ խորհրդարանական համագործակցությունը նոր ձեւաչափով, որը նախատեսվում է այս համաձայնագրով: Կարեւորվել է հանրության իրազեկումն ու քաղաքացիական ուժերի ներգրավումն այս գործընթացներում:

Նաիրա Զոհրաբյանը եւս կարեւորել է համաձայնագրի ստորագրումը եւ անհրաժեշտ համարել ՀՀ օրենսդրության համապատասխանեցման գործընթացը ԵՄ օրենսդրությանը՝ հույս հայտնելով, որ շուտով կսկսվի նաեւ վիզաների ազատականացման գործընթացը: Նա նույնպես կարեւորել է խորհրդարանական համագործակցության նոր ձեւաչափով աշխատելու հնարավորությունը եւ գոհունակությամբ փաստել, որ համաձայնագիրն այն եզակի փաստաթղթերից է, որի վերաբերյալ համակարծիք են հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերը:

Համաձայնագրի վերաբերյալ իրենց դրական տեսակետներն են հայտնել եւ առաջարկներ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Ռուստամյանը եւ Միհրան Հակոբյանը: