Տպել
23.03.2018
Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը մարտի 23-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրինագծերը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Օրակարգը հաստատելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո էական փոփոխությունների չէր ենթարկվել:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը:

Հաջորդիվ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը : Հիմնական զեկուցողի խոսքով՝ այն բարեփոխվել է թե պատգամավորների, թե հեղինակի առաջարկների շնորհիվ: Նա նաեւ նշել է, որ կան նաեւ չընդունված առաջարկներ:

Ելույթ են ունեցել պատգամավորները

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած, սակայն չընդունված առաջարկին. օրենքի փոփոխության համար անհրաժեշտ 300 հազար անհրաժեշտ ստորագրություն հավաքելու համար սահմանել 90 օր՝ 60 օրվա փոխարեն: Պատգամավորը «Հանրաքվեի մասին» օրենքի այն դրույթը, թե քաղաքացիները կարող են հանդես գալ օրենքում փոփոխություն կատարելու քաղաքացիական նախաձեռնությամբ՝ որակել է «պատրանքային իրավունք»: Ըստ նրա՝ Հայաստանում գրեթե անհնար է որեւէ օրենք փոփոխելու նպատակով քաղաքացիական նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե:

Արտակ Զեյնալյանը նույնպես անդրադարձել է քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու սահմանադրական հնարավորությանը: Նա զուգահեռներ է անցկացրել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվաքանակի եւ վերոնշյալ 300 հազարի միջեւ՝ հավելելով, թե այս հարաբերությամբ 60 օրում հնարավոր չէ իրացնել այդ իրավունքը:

ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուստամ Մախմուդյանը:

Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Ընդունվել է պատգամավորների առաջարկների մի մասը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արման Սաղաթելյանը՝ հավելելով, որ օրենքը համապատասխանեցվել է փոփոխված Սահմանադրությանը եւ վերացվել են խնդրահարույց դրույթները:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից նախագծով ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Փոփոխությամբ նախատեսվում է օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու իրավունքը Հանրապետության նախագահից փոխանցել վարչապետին:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը կից օրենսդրական փաթեթով ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով տեղեկացրել է, որ փաթեթը համակողմանի քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում, պատգամավորներից ստացվել են առաջարկներ, որոնք ոչ բոլորն են ընդունվել: Արտակ Շաբոյանն անդրադարձել է չընդունված առաջարկներին՝ տալով պարզաբանումներ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում տեղի են ունեցել երկարատեւ եւ բուռն քննարկումներ՝ ակնկալելով ստանալ բարեփոխված օրինագիծ:

Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները

Արամ Սարգսյանը նշել է, որ փոփոխությունների նպատակը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների համապատասխանեցումն է ԵՄ եւ ԵԱՏՄ պահանջներին, ինչը ստացվել է, ուստի ինքը հանձնաժողովում կողմ է քվեարկել նախագծին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը եւս կողմ է քվեարկելու նախագծին. այս մասին ելույթում հայտնել է խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա կարեւորել է հանձնաժողովին առավել շատ եւ կոշտ գործիքակազմով օժտելու հանգամանքը, ինչը կմեծացնի հանձնաժողովի արդյունավետությունն ու կնպաստի գնումների գործընթացին:

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկները, որոնք վերաբերում էին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» հանձնաժողովում նշանակվող անդամների ապակուսակցականացմանը: Նա իմաստազուրկ է համարել այն տեսակետը, թե հանձնաժողովի անդամների կուսակցական լինելը կարող է կաշկանդել նրանց գործունեությունը:

Աղվան Վարդանյանը կարեւորել է հանձնաժողովի բացառիկ նշանակությունը տնտեսական մրցակցության տեսանկյունից, անդրադարձել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած եւ չընդունված առաջարկին, ըստ որի՝ հանձնաժողովի վեց անդամներից մեկի թեկնածությունը պետք է ներկայացվի ընդդիմադիր պատգամավորների կողմից: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ առաջարկն սկզբունքային է, հետեւաբար իրենք ձեռնպահ են քվեարկելու:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է իր ներկայացրած, սակայն չընդունված առաջարկին, որը վերաբերում էր հանձնաժողովին տրված գործառույթների ընդլայնմանը: Մասնավորապես՝ պատգամավորն առաջարկում էր հանձնաժողովին տալ գործիքակազմ, որով հնարավոր կլիներ ոլորտում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործողություններ:

Հիմնական եւ հարակից զեկուցողները եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների դիտողություններին, տվել պարզաբանումներ:

«Դիվանագիտության ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը պատգամավորների գնահատմանն է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից եւ խմբակցություններից ստացվել է 14 առաջարկ, որոնցից չեն ընդունվել 3-ը:

Հարակից՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ լրամշակման արդյունքում փարատվել են բոլոր մտահոգությունները:

Իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները

Արմեն Աշոտյանը կարեւորել է ԱԺ ՀՀԿ խմբակցության այն առաջարկի ընդունումը, որը վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը եւ դերին: Ըստ այդմ՝ խորհրդարանականները հնարավորություն կստանան նորանշանակ դեսպաններին հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ աշխատանքային քննարկման:

Խոսրով Հարությունյանն անհամաձայնություն է հայտնել նախագծի որոշ դրույթների առնչությամբ: Նա առաջարկել է հստակեցնել խուսափողական ձեւակերպումները եւ խորհրդարանին ներկայացնել բարեփոխված նախագիծ, որում հաշվի առնված կլինեն պատգամավորների առաջարկները:

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը` կից օրենսդրական փաթեթով եւս ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել են տեխնիկական փոփոխություններ:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաեւ «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը` կից օրենսդրական փաթեթով : Հիմնական զեկուցողը, անդրադառնալով բովանդակային փոփոխություններին, նշել է, որ առաջին փոփոխությունը վերաբերում է Երեւանի ավագանու նիստերի լուսաբանմանը, որի համար սահմանվում են այն նույն կանոնները, որոնք նախատեսված են ՀՀ Ազգային ժողովի համար:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարչապետի՝ կառավարության ենթակա մարմինների որոշումների վերանայմանը վերաբերող իրավասություններին: Մյուս փոփոխություններն առնչվում են «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու մասին» ՀՀ օրենքներին:

Նշենք, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հակոբ Հակոբյանը, Խոսրով Հարությունյանը եւ Ռուստամ Մախմուդյանը: Առաջարկների զգալի մասն ընդունվել է: Առաջարկություններ ներկայացրել է նաեւ կառավարությունը, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են եղել:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ փաթեթի ընդունմամբ ապահովվում է խորհրդարանական կառավարման ձեւի դրսեւորումը եւ ինստիտուցիոնալ իրացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ փաթեթը պետական համակարգի գործունեության հիմքն է, պետական ապարատը դառնում է քաղաքական պատասխանատվության մարմին: Նրա համոզմամբ՝ կունենանք քաղաքական ամբողջական պատասխանատու կառավարություն եւ վարչապետի պաշտոն: Հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը հատուկ ծառայություն իրականացնող մարմիններ են, որոնք պետք է լինեն առավել քան ապաքաղաքական. նրանց համար քաղաքական պատասխանատվություն կրելու է վարչապետը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության մոտեցումները՝ նշելով, որ իրենք առաջարկել են այլընտրանքային լուծում՝ այլընտրանքային կառավարության կառուցվածք:

Արման Սաղաթելյանը, քաղաքական պատասխանատվության հարցում վկայակոչելով մի շարք երկրների փորձը, կարծիք է հայտնել, որ առաջարկված ձեւաչափը չափազանց արդյունավետ է: Նա նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգում իշխող քաղաքական ուժն է որոշում իր աշխատանքն առավել արդյունավետ դարձնող ձեւաչափը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ երկրների համար չկան ընդհանրական լուծումներ. յուրաքանչյուր երկիր, ելնելով կառավարման արդյունավետությունից, ընտրում է համապասխան մոդելը: Նրա խոսքով՝ հիմնազուրկ են այն պնդումները, որ խորհրդարանական կառավարման մոդելն առավելություններ չունի: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ուժային կառույցները վարչապետի վերահսկողության ներքո պահելով կբարձրանա այդ մարմինների քաղաքական պատասխանատվության մակարդակը: Նա առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Էդմոն Մարուքյանը: Նա անդրադարձել է մասնավորապես Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամի հայտով քաղաքացու՝ ավագանու նիստին մասնակցելու իրավունքի սահմանափակմանը: Նրա համոզմամբ՝ խորհրդարանական կառավարման հիմքերը դրված են, բայց դրանք սահմանափակվում են օրենսդրությամբ:

Ամփոփիչ ելույթներում Գեւորգ Կոստանյանը եւ Դավիթ Հարությունյանն անդրադարձել են հնչեցված հարցադրումներին ու մտահոգություններին:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը` կից օրենսդրական փաթեթով: Ըստ հիմնական զեկուցողի` առաջին ընթերցումից հետո ՀՀ Ազգային ժողովից ստացվել է 184 առաջարկ, որից 154-ն ընդունվել է: Կատարված փոփոխություններով հստակեցվել են հանրային ծառայության եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերի բնութագրերը, կարգավորվել են հարաբերությունները կառավարչական իրավահարաբերությունների տեսակետից` համապատասխանեցնելով դրանք «Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքին, հստակեցվել են նվերների ընդունման, շահերի բախման խնդիրները, վերացվել է «բարձրաստիճան պաշտոնյա» հասկացությունը ու առավել ընդլայնվել է հայտարարատուների ցանկը եւ այլն: Ըստ նախարարի` արդյունքում կունենանք քաղաքացիական ծառայության համակարգ, որն ըստ էության կարգավորվում է միասնական մեթոդաբանությամբ, սակայն իրագործվում է ապակենտրոնացված կերպով: Այն հնարավորություն կտա առավել ճկուն անդրադառնալու ժամանակի փոփոխություններին ու մարդկային ռեսուրսների կառավարումը պետական համակարգում դարձնելու ժամանակակից` պահպանելով քաղաքացիական եւ հանրային ծառայողների պաշտպանվածությունը:

Նշենք, որ քննարկված օրենքներն ու օրենսդրական փաթեթները գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքներն ու օրենսդրական փաթեթները:

Սպառելով օրակարգը Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...