Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 19-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«19) բուժաշխատող՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ՝ ՇՄԶ հավաստագիր)՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ունեցող, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ.».

2) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) ավագ բուժաշխատող՝ առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում, օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա, ինչպես նաեւ դիպլոմավորված մասնագետ, որն ունի համապատասխան հետբուհական մասնագիտական կրթություն, ՇՄԶ հավաստագիր (բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում եւ մասնագիտացում ունեցող անձի) եւ անհատական լիցենզիա, կամ 2014 թվականը ներառյալ 10 տարվա անընդմեջ լաբորատոր ախտորոշման ոլորտի աշխատանքային փորձ եւ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ՇՄԶ հավաստագիր եւ անհատական լիցենզիա ունեցող մասնագետ.».

3) 21-րդ կետը «որն ունի» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով, իսկ նույն կետի «մասնագիտական գործունեության եւ ՇՄԶ հավաստագրեր» բառերը փոխարինել «առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-ին եւ 22.2-րդ կետերով.

«22.1) անհատական լիցենզիա՝ ավագ բուժաշխատողի՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն.

22.2) անցումային անհատական լիցենզիա՝ կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ոչ ինքնուրույն, հսկողության ներքո լիազոր մարմնի սահմանած ծավալով մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն.».

2) 1-ին մասի 37-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«37) ՇՄԶ հավաստագիր՝ ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ, սույն օրենքով նախատեսված դեպքերում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու եւ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ միջին բուժաշխատողների համար՝ ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում ՇՄԶ կրեդիտներ հավաքելու եւ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում.»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «ավագ եւ միջին բուժաշխատողների» բառերը փոխարինել «ավագ, միջին բուժաշխատողների եւ կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) դադարեցնել անհատական մասնագիտական գործունեության իրականացումը, օրենքով սահմանված կարգով լուծել անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա չունեցող անձի, ինչպես նաեւ միջին բուժաշխատող հանդիսացող եւ առաջին անգամ մասնագիտական գործունեության կամ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ կնքված աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիրը կամ ազատել նրան զբաղեցրած պաշտոնից.»:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «, բժշկական եւ ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաեւ նեղ մասնագիտությունների ցանկերը» բառերը փոխարինել «հիմնական մասնագիտությունների, նեղ եւ լրացուցիչ մասնագիտացումների կազմակերպման սկզբունքները եւ դրանց ցանկերը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) ավագ բուժաշխատողը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալ անհատական լիցենզիա, իսկ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձը՝ անցումային անհատական լիցենզիա.»:

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «32-րդ» բառը փոխարինել «33-րդ» բառով.

2) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. ՄԳՀԱԿ-ն իրականացնում է՝

1) բուժաշխատողների ռեգիստրի վարումը.

2) առաջին անգամ մասնագիտական գործունեության եւ ՇՄԶ հավաստագրերի տրամադրումը.

3) շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կրեդիտավորումը.

4) ՇՄԶ հավաստագրման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկումը.

5) սույն օրենքով նախատեսված դեպքերում ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով թեստավորման կազմակերպման եւ իրականացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

6) անցումային անհատական լիցենզիայի եւ անհատական լիցենզիայի տրամադրման նպատակով իրականացվող կենտրոնացված քննության կազմակերպման եւ իրականացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը:».

3) 15-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Առողջապահության ոլորտի հետբուհական մասնագիտական կրթության եւ լրացուցիչ մասնագիտացման տեսակները, իրականացման կարգը, պայմանները եւ վերջնարդյունքները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 6.1
 
ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 35.1. Բուժաշխատողի անհատական լիցենզավորման կազմակերպման գործընթացը

1. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար ավագ բուժաշխատողները, որպես ֆիզիկական անձինք, պետք է ստանան անհատական լիցենզիա՝ անկախ իրենց աշխատանքի վայրից, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք՝ անցումային անհատական լիցենզիա:

2. Անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում են կենտրոնացված քննության հանձնման արդյունքով:

3. Կենտրոնացված քննության կազմակերպման եւ իրականացման կարգը՝ ըստ առողջապահության բնագավառի մասնագիտությունների առանձնահատկությունների, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող լիցենզավորող հանձնաժողովի ձեւավորման կարգը, աշխատակարգը եւ անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը:

4. Անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունն իրականացվում է հետբուհական կրթական ծրագրերի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո՝ առանձին փուլով, լիազոր մարմնի ձեւավորած լիցենզավորող հանձնաժողովի կողմից:

5. Կենտրոնացված քննությունն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովների կազմած՝ տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների վերաբերյալ առաջադրանքների հիման վրա: Մասնագիտական հանձնաժողովների ձեւավորման կարգը, անհատական կազմը եւ աշխատակարգը սահմանում է լիազոր մարմինը:

6. Կենտրոնացված քննությունը կազմակերպվում է ըստ առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների:

7. Անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած, անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունը հանձնած անձանց:

8. Անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հաստատող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) հիման վրա՝ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության հանձնման արդյունքով կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություն ընդունված անձանց ուսումնառությունն սկսելու պահից:

9. Անհատական լիցենզիա եւ անցումային անհատական լիցենզիա տալու, դրանց տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ եզրակացությունները տրվում են լիցենզավորող հանձնաժողովի կողմից, որի կազմում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ներգրավվել նաեւ միջգերատեսչական ներկայացուցիչներ:

10. Լիցենզավորող հանձնաժողովը իրավասու է քննելու նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բուժաշխատողի գործունեության որակի վերաբերյալ բողոքները՝ լիազոր մարմնի հրամաններով սահմանված որակի պահանջներին համապատասխան: Բողոք ներկայացնելու եւ այն քննելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված բողոքների քննության արդյունքով լիցենզավորող հանձնաժողովը կարող է՝

1) մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բուժաշխատողի կողմից խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ:

2) մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերում լիցենզավորող հանձնաժողովի առաջարկությունն ստանալուց հետո լիազոր մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում որոշում է կայացնում տվյալ բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ:

13. Անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտերի ձեւերը, անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիայի ձեւերը, դրանց տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը, տրամադրման եւ գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանում է Կառավարությունը:

14. Առողջապահության բնագավառի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող այն ուսումնական հաստատությունները, որոնց շրջանավարտների 70 եւ ավելի տոկոսը կենտրոնացված քննությունը հանձնելու եւ դրա արդյունքների հիման վրա անհատական կամ անցումային լիցենզիա չի ստանում, զրկվում են տվյալ տարվա պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման հնարավորությունից:

15. Անհատական լիցենզիան եւ անցումային անհատական լիցենզիան տրամադրում է լիազոր մարմինը՝ էլեկտրոնային եղանակով:

16. Անհատական լիցենզիան տրվում է հինգ տարի ժամկետով՝ դրա երկարաձգման հնարավորությամբ:

17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ ավագ բուժաշխատողը դիմում է հաջորդ հինգ տարիների համար անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով:

18. Անհատական լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է, եթե բուժաշխատողը անցել է ՇՄԶ հավաստագրում, եւ առկա չեն բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ օրենքով սահմանված հիմքեր:

19. Անցումային անհատական լիցենզիան տրվում է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունում ուսում ստանալու ժամանակահատվածի համար:

20. Կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք իրավունք ունեն իրականացնելու բժշկական օգնություն եւ սպասարկում միայն լիազոր մարմնի սահմանած ծավալով:

21. Ռազմաբժշկական ուսումնական հաստատություն կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած եւ սահմանված կարգով անհատական լիցենզիա չստանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ավագ բուժաշխատողին սահմանված կարգով անհատական լիցենզիա կարող է տրամադրվել պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հինգ տարի հետո:

22. Անհատական լիցենզիայի եւ անցումային անհատական լիցենզիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով եւ չափով:

23. Անցումային անհատական լիցենզիայի եւ անհատական լիցենզիայի տրամադրման, դրանց գործողության կասեցման կամ դադարեցման, անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ տվյալները մուտքագրվում են բուժաշխատողների ռեգիստր:

24. Անձը կարող է ունենալ մեկից ավելի գործող անհատական լիցենզիա, եթե բավարարում է սույն օրենքով սահմանված պահանջները եւ դրանց հիման վրա մասնագիտական գործունեություն է իրականացնում:

Հոդված 35.2. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողության կասեցումը

1. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը կասեցվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում հավաստագրում չանցնելու դեպքում.

2) անձի՝ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

3) սույն օրենքի 35.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերում.

4) սույն օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը վերականգնում է լիազոր մարմինը այն բուժաշխատողի դիմումի հիման վրա, որի անհատական լիցենզիայի գործողությունը կասեցվել էր:

3. Անհատական լիցենզիայի վերականգնման կամ վերականգնումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի հրամանն ընդունվում է բուժաշխատողի դիմումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողության վերականգնումը մերժելու մասին լիազոր մարմնի հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

Հոդված 35.3. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվում է՝

1) եթե անձը լիցենզիա է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.

2) եթե անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձն ազատազրկման է դատապարտվել, եւ դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

4) եթե անձը մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.

5) եթե անձը ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

6) եթե զինվորական ծառայության մեջ գտնվող անձը սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հավաստագրում չանցնելու պատճառով անհատական լիցենզիայի գործողության կասեցման կամ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (խախտման) հիմքով արձակվել է պահեստազոր.

7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով անհատական լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր անհատական լիցենզիա ստանալու համար դիմելու միայն անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

3. Անհատական լիցենզիայի դադարեցման համար սույն հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված հիմքերի վերացման դեպքում անձն իրավունք ունի այդ հիմքերի վերացումից հետո դիմելու անհատական լիցենզիա ստանալու համար՝ սույն օրենքի 35?1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված կենտրոնացված քննություն հանձնելով:

Հոդված 35.4. Անցումային անհատական լիցենզիայի գործողության կասեցումը

1. Անցումային անհատական լիցենզիայի գործողությունը կասեցվում է՝

1) սույն օրենքի 35.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերում.

2) անձի՝ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո անցումային անհատական լիցենզիա ստացած անձի դիմումի հիման վրա անցումային անհատական լիցենզիայի գործողությունը վերականգնում է լիազոր մարմինը:

3. Անցումային անհատական լիցենզիայի վերականգնման կամ վերականգնումը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի հրամանն ընդունվում է անցումային անհատական լիցենզիա ստացած անձի դիմումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

4. Անցումային անհատական լիցենզիայի գործողության վերականգնումը մերժելու մասին լիազոր մարմնի հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

Հոդված 35.5. Անցումային անհատական լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Անցումային անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվում է՝

1) կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումը դադարեցնելու դեպքում.

2) անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

3) եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձն ազատազրկման է դատապարտվել, եւ դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ?

4) եթե անձը մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.

5) եթե անձը ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերացման եւ ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու դեպքում անձն իրավունք ունի այդ հիմքերի վերացումից հետո դիմելու անցումային անհատական լիցենզիա ստանալու համար:»:

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ?

«2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝

ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը,

բ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտման դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:»:

Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Էթիկայի հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումների ընդունման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարը որոշում է կայացնում տվյալ բուժաշխատողի անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ:»:

Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝

1) 1-ին հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից.

2) 1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից.

3) 2-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից.

4) 2-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից.

5) 4-րդ, 6-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածների, որոնք անցումային անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ անհատական լիցենզիայի մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից.

6) 8-րդ եւ 9-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2025 թվականի փետրվարի 1-ը:

3. Անհատական լիցենզավորման գործընթացի մեկնարկն սկսվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ լիազոր մարմնի հաստատած ժամանակացույցին համապատասխան:

4. Սույն օրենքով նախատեսված անցումային անհատական լիցենզիա կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք պետք է ստանան մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ անհատական լիցենզիա ստացող ավագ բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ստանան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

5. Ավագ բուժաշխատողների ձեռք բերած ՇՄԶ հավաստագրերը գործում են մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը՝ անկախ դրանցով նախատեսված ժամկետից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-164-Ն