Armenian      
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.02.2024
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված պարտավորությունների կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարները հաշվարկում են՝ հիմք ընդունելով տվյալ ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկում ներառված աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց եկամուտները:

4. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարները հաշվարկում եւ արտացոլում են համապատասխանաբար եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում), անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի սոցիալական վճարի հաշվարկում եւ (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունում:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Դրոշմանիշային վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային մարմնում վարվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների: Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքի 1-ին հոդվածը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած եւ չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գանձման եւ (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10-րդ օրվանից, եւ չկատարված պարտավորությունների ապահովման եւ հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:

3. Սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.03.2024
Երեւան
ՀՕ-106-Ն