Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.02.2024
Հոդված 1.   «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերից հետո լրացնել «կամ Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման հիման վրա՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «եւ փրկարար ծառայության ծառայողների,» բառերից հետո լրացնել «Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ մասով.

«6.3. Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա: Կատարողականի գնահատման չափանիշները եւ դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:».

2) 7-րդ մասի «6.1-ին մասով» բառերը փոխարինել «6.1-ին եւ 6.3-րդ մասերով» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Մինչեւ կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարի տրամադրման նոր համակարգին անցումը Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասում նշված` կատարողականի գնահատման չափանիշները եւ դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասում նշված` հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը սահմանող իրավական ակտն ընդունվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

21.03.2024
Երեւան
ՀՕ-88-Ն