Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2024
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 160-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենք վաճառելը տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառելը՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, փամփուշտներ վաճառելը՝ տվյալ տեսակի զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 173-րդ հոդվածում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 193.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 193.3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, ինչպես նաեւ առանց քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն իրականացնելը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

2. Առանց քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիաների գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 243-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 243. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 148-րդ, 169.24-րդ եւ 193.3-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձը:»:

Հոդված 5. Օրենսգրքի ամբողջ տեքստում «հրազեն» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «զենք» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.02.2024
Երեւան
ՀՕ-45-Ն