Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2024

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերությունը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ  հասկացությունները համապատասխանաբար համարակալել 1-30 թվերով.

2) «առեւտրի օբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) առեւտրային ցանց՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտ.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ  մասով.

«2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները եւ տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներով, ինչպես նաեւ այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իմաստով:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.4-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 4.4
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 15.8. Առեւտրային ցանցի եւ մատակարարների հարաբերություններին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Արգելվում են առեւտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը եւ կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ եթե Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ առկա է ողջամիտ եւ օբյեկտիվ տարբերության հիմք՝ պայմանավորված նաեւ տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով:

Հոդված 15.9. Առեւտրային ցանցի պաշտոնական կայքը

1. Առեւտրային ցանցն ունի պաշտոնական կայք:

2. Առեւտրային ցանցը պաշտոնական կայքում հրապարակում է՝

1) հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները.

2) առեւտրային ցանցի կողմից իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը.

3) առեւտրային ցանցում ապրանքի ցուցադրման պայմանները.

4) մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:

Հոդված 15.10.  Մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց

1. Առեւտրային ցանցերը սահմանում են հավանական մատակարարների ապրանքի ընտրության նվազագույն պահանջներ եւ սկզբունքներ: Նվազագույն պահանջները եւ սկզբունքները կարող են սահմանվել ըստ ապրանքատեսակների՝ պայմանով, որ մատակարարի համար ընկալելի լինի տվյալ պահանջի կամ սկզբունքի վերաբերելիությունը կոնկրետ ապրանքատեսակին:

2. Մատակարարի ապրանքի ընտրությունն իրականացվում է առեւտրային ցանցի նախաձեռնությամբ կամ հավանական մատակարարի գրավոր առեւտրային առաջարկի ուսումնասիրության արդյունքում՝ հաշվի առնելով առեւտրային ցանցի հրապարակած՝ մատակարարի ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջները եւ սկզբունքները:

3. Առեւտրային ցանցը գրավոր առեւտրային առաջարկը քննարկում է այն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ մատակարարի ապրանքի ընտրության համար անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ (փորձաքննության իրականացում եւ այլն), ապա ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առեւտրային ցանցը գրավոր տեղեկացնում է առեւտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին:

4. Առեւտրային ցանցը հավանական մատակարարի ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր տեղեկացնում է առաջարկ ներկայացնողին՝ հիմնավորելով առեւտրային ցանցի հրապարակած նվազագույն պահանջներին եւ սկզբունքներին չհամապատասխանելը:

5. Առեւտրային ցանցի կողմից հավանական մատակարարին լրացուցիչ՝ մատակարարման պայմանագրի հետ չկապված ծառայությունների պարտադրումը կամ դրանցից հրաժարվելու հիմքով մատակարարման պայմանագիր կնքելուց հրաժարվելն արգելվում է:

Հոդված 15.11.  Առեւտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները

1. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Պայմանագիրն առնվազն պարունակում է՝

1) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առեւտրային ցանցի կողմից կատարվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.

2) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը.

3) պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ պայմանագրի դադարեցման եւ միակողմանի լուծման կարգը եւ հիմքերը.

4) պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների վերադարձման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում՝ դրանց վերադարձման կարգը:

3. Առեւտրային ցանցը պաշտոնական կայքում կարող է հրապարակել մատակարարների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը:

Հոդված 15.12.  Առեւտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման պայմանները եւ կարգը

1. Առեւտրային ցանցը մատակարարին վճարումը կատարում է ոչ ուշ, քան՝

1) սննդամթերքի համար՝ 30 օրվա ընթացքում.

2) ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է օրենքով եւ պայմանագրով սահմանված կարգով մատակարարված ապրանքի ընդունման եւ մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից:

3. Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից վճարման ավելի սեղմ ժամկետներ:

Հոդված 15.13. Ապրանքի ցուցադրման պայմաններն առեւտրային ցանցում

1. Առեւտրային ցանցը սահմանում է ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ապրանքի գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքի առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմանները, այդ թվում՝ ցուցադրման տարբերակները եւ դրանց համար սահմանված վճարները:

2. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը կարող է լինել նաեւ մատակարարման պայմանագրի մաս:

3. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող պայմանագիրն առնվազն պարունակում է՝

1) ապրանքի ցուցադրման նկարագիրը, առանձնահատկությունները եւ ապրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացման պայմանները.

2) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առեւտրային ցանցի կողմից կատարվող՝ ցուցադրման պայմաններին առնչվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.

3) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «4.3-րդ գլխի» բառերից հետո լրացնել «, 4.4-րդ գլխի,» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 15.12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.02.2024
Երեւան
ՀՕ-30-Ն