Armenian      
Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին   (Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆե ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.11.2023

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասինե 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.2-րդ հոդվածով.

«Հոդված 27.2. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ճանաչումը

1. Տեղեկատվական համակարգում ներառված այն անհատ ձեռնարկատերերը, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, կարող են դիմել գործակալություն իրենց պետական հաշվառումը ճանաչելու համար: Գործակալության կողմից հաշվառումը ճանաչվելու դեպքում այդպիսի անհատ ձեռնարկատերերը համարվում են հաշվառված տեղեկատվական համակարգում արտացոլված սկզբնական հաշվառման պահից (տարին, ամիսը, ամսաթիվը):

2. Պետական հաշվառումը ճանաչելու համար գործակալություն են ներկայացվում՝

1) դիմում.

2) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները.

3) հաշվեկշռային ակտը.

4) պետական եկամուտների կոմիտեի տված հաշվեկշռային ակտը պետական եկամուտների կոմիտե ներկայացնելը հավաստող փաստաթուղթը:

3. Սույն հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը ճանաչելիս՝ այնքանով, որքանով վերաբերելի են (mutatis mutandis), կիրառվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման դիմումի քննարկման վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգավորումները:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հաշվեկշռային ակտը պետք է տեղեկություններ պարունակի անհատ ձեռնարկատիրոջ գույքի, պարտատերերին եւ պարտապաններին վերաբերող պարտավորությունների մասին: Հաշվեկշռային ակտի ամբողջականությունը եւ համապատասխանությունն օրենքի պահանջներին գործակալության կողմից չեն ստուգվում:ե:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

«Հոդված 35.1. Իրավաբանական անձի պետական գրանցման ճանաչումը

1. Տեղեկատվական համակարգում ներառված այն իրավաբանական անձինք, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն, կարող են դիմել գործակալություն իրենց պետական գրանցումը ճանաչելու համար: Գործակալության կողմից գրանցումը ճանաչվելու դեպքում այդպիսի իրավաբանական անձինք համարվում են գրանցված տեղեկատվական համակարգում արտացոլված սկզբնական գրանցման պահից (տարին, ամիսը, ամսաթիվը):

2. Պետական գրանցումը ճանաչելու համար գործակալություն են ներկայացվում՝

1) դիմում, որում պետք է նշվեն տեղեկատվական համակարգում արտացոլված տվյալ իրավաբանական անձի պետական գրանցման համարը եւ անվանումը.

2) իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը կամ (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը՝ իրավաբանական անձի գրանցումը ճանաչելու համար գործակալություն դիմելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը, ինչպես նաեւ հաշվեկշռային ակտը հաստատելու մասին.

3) օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող նոր խմբագրությամբ կանոնադրությունը.

4) հաշվեկշռային ակտը.

5) պետական եկամուտների կոմիտեի տված հաշվեկշռային ակտը պետական եկամուտների կոմիտե ներկայացնելը հավաստող փաստաթուղթը.

6) սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված այն տեղեկությունները, որոնց կարող է տիրապետել միայն դիմողը.

7) իրավաբանական անձի գրանցում ստացած վերջին կանոնադրության բնօրինակը կամ դրա՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի վավերացրած պատճենը կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տեղեկանք-հավաստումը՝ իրավաբանական անձի գրանցումը ճանաչելու համար գործակալություն դիմելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը, ինչպես նաեւ հաշվեկշռային ակտը հաստատելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի՝ նման լիազորություններ ունենալու մասին:

3. Սույն հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելիս՝ այնքանով, որքանով վերաբերելի են (mutatis mutandis), կիրառվում են իրավաբանական անձի անվանման գրանցման եւ գրանցումը մերժելու, ինչպես նաեւ գրանցման դիմումի քննարկման վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգավորումները: Սույն հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու ակտը գործակալությունը կայացնում է դիմումի մուտքագրմանը հաջորդող երկրորդ աշխատանքային օրը, բացառությամբ ոչ առեւտրային կազմակերպությունների, որոնց գրանցման ճանաչման ակտը կայացվում է դիմումի մուտքագրմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հաշվեկշռային ակտը պետք է տեղեկություններ պարունակի իրավաբանական անձի գույքի, պարտատերերին եւ պարտապաններին վերաբերող պարտավորությունների մասին: Հաշվեկշռային ակտի ամբողջականությունը եւ համապատասխանությունն օրենքի պահանջներին գործակալության կողմից չեն ստուգվում:

5. Սույն հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ կարգավորումները չեն կիրառվում կուսակցությունների եւ կրոնական կազմակերպությունների նկատմամբ:ե:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանված անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել պետական գրանցում եւ պետական հաշվառում իրականացնող մարմին եւ դրա կողմից ընդունվում են 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը հաստատում է սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 27.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հաշվեկշռային ակտի ընդունելը հավաստող փաստաթղթի տրամադրման կարգը:

4. Եթե մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք չեն ներկայացնում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կամ իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա նրանք համարվում են պետական հաշվառում կամ գրանցում չստացած, որի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

06.12.2023
Երեւան
ՀՕ-374-Ն