Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2023

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 41-րդ հոդվածում «տասնիններորդ» բառը փոխարինել «տասնութերորդ» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.9-րդ հոդվածով.

«Հոդված 41.9. Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը

1. Գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրերեսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որեւէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 42.1-ին, 87-րդ, 105-րդ, 157.10 -րդ, 182.1-ին, 182.2-րդ հոդվածները, 187-րդ հոդվածի 3-րդ մասը, 238.1-ին եւ 238.2-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությունում «պատրաստված դեղերի որակի, ձեւավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման» բառերը փոխարինել «պատրաստված դեղերի որակի կամ ձեւավորման կամ փաթեթավորման կամ պիտակավորման կամ պահպանման կամ իրացման» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 47.4-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 47.4. Բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների եւ հյուսվածքների առեւտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների եւ հյուսվածքների առեւտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքներից որեւէ մեկը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 47.7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի պահանջների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի կամ գովազդ արտադրողի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 47.18-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:» բառերը փոխարինել «առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.29-47.32-րդ հոդվածներով.

«Հոդված 47.29. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները խախտելը

1. Հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձին, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում նաեւ օրինական ներկայացուցչին բժիշկ-հոգեբույժի կողմից ընդունվելուց հետո՝ մեկ օրացուցային օրվա ընթացքում, հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների, ինչպես նաեւ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տեւողության, ինչպես նաեւ կողմնակի ազդեցության եւ ակնկալվող արդյունքների, հոգեբուժական օգնությունից եւ սպասարկումից հրաժարվելու հետեւանքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով չիրազեկելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

2. Հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին իրազեկելու համար պատասխանատու անձ չսահմանելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ հոգեբուժական կազմակերպության տնօրենի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Հոգեկան խանգարում ունեցող անձանց հոսպիտալացման, բուժման կամ դուրսգրման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որեւէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 47.30. Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության պահանջները խախտելը

1. Դոնորին տեղեկատվության տրամադրման կամ համաձայնության ստացման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

2. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

3. Արյան եւ դրա բաղադրամասերի պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

4. Արյան բաղադրամասերի պատրաստման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

5. Արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման կամ ներմուծման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

6. Դոնորական արյան պատրաստուկների արտադրության կամ շրջանառության պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

7. Դոնորին տրվող արտոնությունների պահպանման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

8. Արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

9. Արյան պաշարների ապահովման կամ արյան բաղադրամասերի տրամադրման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

10. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որեւէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 47.31. Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքները խախտելը

1. Սեռաբջիջների եւ սաղմի պահպանման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

3. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված դոնորության պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

4. Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման եւ (կամ) դրանց պահպանման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որեւէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 47.32. Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու պահանջները խախտելը

1. Փոխպատվաստման օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու, մշակելու կամ փոխպատվաստման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Օրգանների կամ հյուսվածքների դոնորների կամ ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման կամ օգտագործման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:

3. Դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հազարապատիկի չափով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 60.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«Յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանութային աշխատանքների կատարման միջոցով գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ չիրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 11. Օրենսգրքի 108-րդ եւ 109.1-ին հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 108. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի կանոնները խախտելը

Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 109.1. Ժամկետանց, անորակ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ համապատասխան անվանացանկում չընդգրկված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացումը

Ժամկետանց, անորակ, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ համապատասխան անվանացանկում չընդգրկված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 109.2-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «թունանյութերի եւ պարարտանյութերի» բառերը փոխարինել «պեստիցիդների եւ ագրոքիմիկատների» բառերով, 1-ին մասի երկրորդ պարբերությունում «քսանապատիկի» բառը՝ «հիսնապատիկի» բառով, իսկ «երեսնապատիկի» բառը՝ «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 109.3-րդ եւ 109.4-րդ հոդվածներով.

«Հոդված 109.3. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը

1. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 109.4. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պահեստավորման, պահպանման, իրացման, վաճառքի եւ փոխադրման կանոնները խախտելը

Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պահեստավորման, պահպանման, իրացման, վաճառքի եւ փոխադրման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 14. Օրենսգրքի 112-րդ հոդվածում «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով, իսկ «չորսհարյուրապատիկի» բառը՝ «հինգհարյուրապատիկի» բառով:

Հոդված 15 . Օրենսգրքի 112.1 -ին հոդվածի վերնագրում եւ տեքստում «բնագավառի օրենսդրական խախտումները» բառերը փոխարինել «բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը» բառերով, «անասնաբուժական պետական» բառերը՝ «անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող» բառերով, «քսանապատիկի» բառը՝ «հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 16. Օրենսգրքի 112.2-րդ հոդվածում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 17 . Օրենսգրքի 112.3-րդ հոդվածում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի» բառերով, իսկ «չորսհարյուրապատիկի» բառը՝ «հինգհարյուրապատիկի» բառով:

Հոդված 18. Օրենսգրքի 112.4-րդ հոդվածում «քսանապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ «հիսնապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 19. Օրենսգրքի 112.5-րդ հոդվածում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ «երկուհարյուրապատիկի» բառը՝ «չորսհարյուրապատիկի» բառով:

Հոդված 20. Օրենսգրքի 112.6 -րդ հոդվածում «քսանապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով, իսկ «երեսնապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 21. Օրենսգրքի 112.7-րդ հոդվածում «հիսնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով, իսկ «հարյուրապատիկի» բառը՝ «հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 112.8-րդ հոդվածում «քսանապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 112.9-112.11-րդ հոդվածներով.

«Հոդված 112.9. Կենդանիների ցուցահանդեսների եւ (կամ) մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները խախտելը

1. Կենդանիների ցուցահանդեսների եւ (կամ) մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 112.10. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների եւ այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերի, ինչպես նաեւ ցուցահանդեսներ եւ (կամ) մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողների կողմից կենդանիների պաշտպանությանը եւ բարօրությանը ներկայացվող պահանջները խախտելը

1. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների եւ այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերի, ինչպես նաեւ ցուցահանդեսներ եւ (կամ) մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողների կողմից կենդանիների պաշտպանությանը եւ բարօրությանը ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 112.11. Անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայության կողմից կենդանիների քնեցման պահանջները խախտելը

1. Անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայության կողմից կենդանիների քնեցման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 24. Օրենսգրքի 158-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 158. Առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առեւտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առեւտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը

1. Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված եւ նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումն արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

2. Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով, պետական գրանցմամբ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը), այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը), բացառությամբ սույն օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

3. Առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

4. Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից՝ առեւտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսուներկուերորդ մասով սահմանված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

5. Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով եւ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

6. Առեւտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը, ինչպես նաեւ սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

7. Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

8. Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

9. Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

10. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

11. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների եւ տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

12. Առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում, ինչպես նաեւ շրջիկ առեւտրի կետերում եւ շրջածախ առեւտրի միջոցով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

13. Առեւտրի օբյեկտում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առեւտրի իրականացման վայրերում, ինչպես նաեւ շրջիկ առեւտրի կետերում եւ շրջածախ առեւտրի միջոցով սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

14. Մինչեւ վեց ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

15. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առեւտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առեւտրի կետի եւ (կամ) առեւտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:

16. Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը եւ (կամ) հետ վերցնելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

17. 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն եւ տեսաերիզներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

18. 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության եւ տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

19. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների), օրենսդրությանը համապատասխան, առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաեւ տվյալ առեւտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

20. Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

21. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ վաճառք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

22. Առեւտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրում տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը եւ (կամ) չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 41-րդ եւ 42-րդ մասերով նախատեսված դեպքերի՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

23. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում այլ անձանց պատկանող եւ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

24. Առեւտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերը, օրենսդրությանը համապատասխան, կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:

25. Առեւտրի իրականացման վայրը տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

26. Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը եւ դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

27. Սահմանված ժամկետներում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

28. Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առք ու վաճառք (մեծածախ առեւտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա համապատասխան տեղեկատվություն զետեղված չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

29. Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողի կողմից վաճառքի թույլատրված ապրանքների համար, օրենսդրությանը համապատասխան, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

30. Կշռափաթեթավորված եւ վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

31. Կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

32. Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը՝

առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձի) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով:

33. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքը խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

34. Առեւտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում եւ օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը եւ (կամ) հետ չվերցնելը եւ (կամ) հետ վերցնելուց եւ (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

35. Սույն հոդվածի 34-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

36. Սույն հոդվածի 33-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարերեքհարյուրապատիկի չափով:

37. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային եւ արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

38. Սույն հոդվածի 37-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

39. Հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը եւ (կամ) դրա չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը կամ տեղադրման եւ կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

40. Սույն հոդվածի 39-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

41. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը եւ (կամ) չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

42. Սույն հոդվածի 41-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

43. Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը՝

առաջացնում է նախազգուշացում:

44. Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

45. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17.3-րդ մասով նախատեսված ցուցանակը վնասելը, թաքցնելը կամ դրա տեսանելիությունը նվազեցնելը կամ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված QR (արագ արձագանքման) կոդ չունենալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

46. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ եւ 32-րդ մասերով նախատեսված արարքներից որեւէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում այդ արարքների համար նշանակված տուգանքների կրկնապատիկի չափով:»:

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 182.7-րդ հոդվածով.

«Հոդված 182.7. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը, թույլ չտալը կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը

1. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը կամ թույլ չտալը, տեսչական մարմնի հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու մասին այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը, բացառությամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից գործունեությունը կամ գործողությունը կասեցնելու մասին վարչական ակտերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ արարքների համար նշանակված տուգանքների կրկնապատիկի չափով:

3. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունը կամ գործողությունը կասեցնելու մասին վարչական ակտը չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հազարվեցհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 26. Օրենսգրքի 188-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արտադրողների կամ ներմուծողների (դիստրիբյուտորների) կամ իրացնողների, ինչպես նաեւ սննդի շղթայի (սննդի ոլորտի) բոլոր փուլերում գործառնություններ կատարողների կողմից տեխնիկական կանոնակարգերի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պահանջները խախտելը, այդ թվում՝ առանց համապատասխանության գնահատման իրականացման համապատասխանության գնահատման ենթակա արտադրանք (այդ թվում՝ ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը, արտադրանք թողարկելը շրջանառության մեջ դնելու նպատակով), բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաեւ համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից համապատասխանության գնահատման կանոնները խախտելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:».

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 27. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում «158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 23-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ եւ 35-րդ մասերի)» բառերը փոխարինել «158-րդ (բացառությամբ 2-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 22-րդ, 25-րդ, 27-րդ, 32-րդ, 37-45-րդ մասերի)» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «41.6-րդ» բառից հետո լրացնել «41.9-րդ,» բառով, նույն մասի «42-43-րդ» բառերը փոխարինել «42-րդ եւ 43-րդ» բառերով, «47.18-47.27-րդ, 47.28-րդ» բառերը՝ «47.18-47.32-րդ» բառերով, նույն մասից հանել «87-րդ (Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով),» բառերը եւ նույն մասի «19-րդ մասով,» բառերը փոխարինել «18-րդ մասով,» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 238. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի եւ անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի եւ անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 108-րդ, 109-րդ, 109.1-ին, 109.2 -րդ, 109.3 -րդ, 109.4-րդ եւ 110-րդ, 110.3-րդ, 110.4-րդ, 110.5-րդ, 110.6-րդ, 112-112.8-րդ, 112.9-րդ, 112.10-րդ եւ 112.11-րդ հոդվածներով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 13-րդ, 27-րդ, 32-րդ, 43-րդ, 44-րդ, 46-րդ մասերով (32-րդ մասով նախատեսված արարքներից որեւէ մեկը կրկին կատարելու մասով), 182.4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) եւ 4-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) եւ 14-րդ մասերով, 188-րդ եւ 213.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի եւ անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաեւ ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք:»:

Հոդված 30. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «80.1-87-րդ» բառերը փոխարինել «80.1-86-րդ» բառերով:

Հոդված 31. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում «158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ մասերով» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի տասնմեկերորդ մասով» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 244.7. Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով եւ տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առք ու վաճառքի եւ դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաեւ արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի օրինական շրջանառության ոլորտներում վերահսկողությունը

1. Սույն օրենսգրքի 44.3-րդ հոդվածով, 47.15-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, 47.16-րդ հոդվածով, 47.17-րդ հոդվածով, 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 22-րդ, 25-րդ, 37-42-րդ, 45-րդ եւ 46-րդ մասերով (բացառությամբ 32-րդ մասով նախատեսված արարքներից որեւէ մեկը կրկին կատարելու դեպքի), 182.5-րդ հոդվածի 11-րդ (բացառությամբ դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) եւ 14-րդ մասերով, 173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով, 188-րդ հոդվածով, 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով եւ 213.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

2. Թանկարժեք մետաղների, չափումների, հավատարմագրման եւ ոչ պարենային արտադրանքի ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը եւ տեղակալը:

3. Սույն օրենսգրքի 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է (են) նշանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):»:

Հոդված 33. Օրենսգրքի 244.9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է հողերի օգտագործման եւ պահպանության բնագավառներում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 34. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 2-րդ մասը «վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաեւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողը» բառերով:

Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.19-րդ հոդվածով.

«Հոդված 244.19. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտերը չկատարելու իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը

1. Սույն օրենսգրքի 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում են վերահսկողություն իրականացնող կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին եւ այլ վարչական ակտ կայացրած համապատասխան տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կամ տարածքային կենտրոնների պետերը:»:

Հոդված 36. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 37. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «105,» թիվը:

Հոդված 38. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «158 հոդվածի երկրորդ, երրորդ եւ քսանմեկերորդ» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ եւ քսաներորդ» բառերով:

Հոդված 39. Օրենսգրքի 310-րդ հոդվածում «158 հոդվածի երրորդ մասով» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ մասով» բառերով:

Հոդված 40. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-23-րդ եւ 26-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.11.2023
Երեւան
ՀՕ-343-Ն