Armenian      
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.06.2023

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը «Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերից հետո լրացնել «-ոստիկանության պետի տեղակալ» բառերով, իսկ նույն կետի «Ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ» բառերով:

2) 4-րդ կետի «հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազոր» բառերը փոխարինել «հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկան» բառերով, «ավագ օպերլիազոր» բառերը՝ «ավագ քրեական ոստիկան» բառերով, «օպերլիազոր» բառը՝ «քրեական ոստիկան» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝

 1) 6-րդ մասի «պարեկի եւ ավագ պարեկի» բառերը փոխարինել «պարեկի, ավագ պարեկի, քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.

«6.2. Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման՝ կրտսեր եւ միջին խմբի պաշտոններ, ինչպես նաեւ քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած եւ քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները եւ ծառայողները  համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչեւ քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչեւ քրեական ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» եւ «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումներն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.07.2023
Երեւան
ՀՕ-246-Ն