Armenian      
Հավատարմագրման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.05.2023
Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգի գործունեության կանոնները եւ կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) եւ հավատարմագրված կամ հավատարմագրման հավակնող՝ Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների՝ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, ներառյալ՝ պետական մարմնի կազմում գործող փորձարկման լաբորատորիայի (համապատասխանության գնահատման մարմին, այսուհետ՝ ՀԳՄ) հարաբերությունները:

2. Սույն օրենքը կարգավորում է համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացը՝ անկախ հավատարմագրման եւ համապատասխանության գնահատման պարտադիր կամ կամավոր հիմքերից:»:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «համապատասխանության գնահատման մարմին» եւ «համապատասխանության գնահատման մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել համապատասխանաբար «ՀԳՄ» եւ «ՀԳՄ-ներ» բառերով, իսկ «հավատարմագրման ազգային մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով՝ «ԱՐՄՆԱԲ» բառով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) հավատարմագրում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավաստում, որ ՀԳՄ-ն համապատասխանում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջներին եւ կիրառելիության դեպքում համապատասխան ոլորտային սխեմաներով սահմանված լրացուցիչ պահանջներին՝ համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու համար.

2) ԱՐՄՆԱԲ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած միակ մարմինը, որը սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություն.

3) հավատարմագրման վկայագիր՝ պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում.

4) հավատարմագրման ոլորտ՝ համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեություն, որի համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.

5) հավատարմագրման նշան՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ին տրված նշան՝ հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար.

6) բողոքարկում՝ ՀԳՄ-ի կողմից բողոքարկման հանձնաժողով գրավոր դիմում ներկայացնելու գործընթաց՝ իր հավատարմագրման կարգավիճակի (կասեցման, դադարեցման, մերժման, կրճատման) վերաբերյալ ԱՐՄՆԱԲ-ի կայացրած բացասական որոշման վերանայման մասին.

7) համապատասխանության գնահատում՝ գործընթաց, որով հավաստվում է արտադրանքի, ծառայության, գործընթացի, համակարգի, անձի կամ մարմնի նկատմամբ ներկայացվող պահանջների իրականացումը.

8) համապատասխանության գնահատման գործունեություն՝ ՀԳՄ-ի կողմից համապատասխանության գնահատման գործընթացի ժամանակ իրականացվող գործունեություն.

9) ՀԳՄ՝ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, որը կարող է լինել հավատարմագրման օբյեկտ.

10) հավատարմագրման ընդլայնում՝ հավատարմագրման ոլորտին համապատասխանության գնահատման գործունեության ավելացում.

11) հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում՝ միջազգային եւ տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների կողմից ԱՐՄՆԱԲ-ի գնահատում՝ սահմանված պահանջներին եւ կիրառելիության դեպքում լրացուցիչ ոլորտային տեխնիկական մասնագրերին համապատասխան.

12) շահագրգիռ կողմեր՝ հավատարմագրմամբ ուղղակի կամ անուղղակի շահագրգիռ կողմեր: Ուղղակի շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակի շահագրգիռ՝ նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա.

13) հավատարմագրման կրճատում՝ հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցում.

14) հավատարմագրման կասեցում՝ հավատարմագրման ոլորտի լրիվ կամ մասնակի ժամանակավոր սահմանափակում.

15) հավատարմագրման դադարեցում՝ հավատարմագրման ամբողջ ոլորտի դադարեցում.

16) փորձարկում՝ ընթացակարգի համաձայն՝ համապատասխանության գնահատման ենթակա օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.

17) տրամաչափարկում՝ գործողություն, որը հատուկ պայմաններում նախ կապ է ստեղծում չափանմուշների (էտալոնների) միջոցով ստացված չափման անորոշություններով մեծության արժեքների եւ չափման անորոշություններով համապատասխան ցուցմունքների միջեւ, ապա օգտագործում է այդ տեղեկությունը ցուցմունքից չափման արդյունք ստանալու նպատակով կապ ստեղծելու համար.

18) հսկողություն՝ համապատասխանության գնահատման օբյեկտի ուսումնասիրություն եւ դրա համապատասխանության որոշում սահմանված պահանջներին կամ մասնագիտական դատողության հիման վրա՝ ընդհանուր պահանջներին.

19) սերտիֆիկացում՝ համապատասխանության գնահատման օբյեկտի հավաստում երրորդ կողմի միջոցով, բացառությամբ հավատարմագրման.

20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)՝ հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին ԱՐՄՆԱԲ-ը նշանակել է միայնակ կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.

21) տեխնիկական փորձագետ՝ տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված եւ հավատարմագրման մարմնի նշանակած անձ, որն աշխատում է գնահատողի պատասխանատվության ներքո եւ գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ կամ մասնագիտական փորձ եւ ինքնուրույն չի իրականացնում գնահատում.

22) գնահատում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստանդարտի (ստանդարտների), այլ նորմատիվ փաստաթղթերի եւ սահմանված հավատարմագրման ոլորտի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկման որոշման գործընթաց, այդ թվում՝ ՀԳՄ-ի գործունեության հետեւում.

23) պարբերական գնահատում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության պարբերաբար հետեւում.

24) արտահերթ գնահատում՝ գործընթաց, որն իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի հավատարմագրած ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների կամ ՀԳՄ-ի հավատարմագրման պայմանների փոփոխությունների կամ այլ դեպքերում, որը կարող է ազդել ՀԳՄ-ի՝ հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վրա.

25) բողոք՝ որեւէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության գրավոր արտահայտում՝ հասցեագրված ԱՐՄՆԱԲ-ին, որը վերաբերում է ԱՐՄՆԱԲ-ի կամ հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեությանը, եւ որի համար ակնկալվում է պատասխան.

26) գործունեության հետեւում՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման ոլորտի շրջանակում ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության հետեւում.

27) համապատասխանության սերտիֆիկատ՝ համապատասխանության գնահատման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության, կառավարման համակարգի, ֆիզիկական անձի համապատասխանությունը սահմանված պահանջներին.

28) իրազեկություն՝ նախատեսված արդյունքին հասնելու համար գիտելիքները եւ հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն.

29) ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառում է ԱՐՄՆԱԲ-ը իրեն նույնականացնելու համար.

30) հավատարմագրման ոլորտի արդիականացում՝ ՀԳՄ-ի պահանջով ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման փաստաթղթերում փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթերի փոփոխության, նոր իրավական ակտը, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթերը գործողության մեջ մտնելու (եթե նշված փաստաթղթերի ներառումը չի ենթադրում հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց), հավատարմագրման ոլորտի եւ կից փաստաթղթերի ձեւաչափերի փոփոխության կամ ուղղումների դեպքերում:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետից հանել «սպառողների» բառը.

2) 4-րդ կետը «միջազգային» բառից հետո լրացնել «եւ տարածաշրջանային» բառերով:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «արհեստավարժություն» բառը փոխարինել «իրազեկություն» բառով:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ կետի «հավատարմագրման տեխնիկական կոմիտեները» բառերը փոխարինել «հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման կոմիտեները, խորհրդատվական տեխնիկական կոմիտեները եւ հանձնաժողովները» բառերով:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «մշակում» բառից հետո լրացնել «եւ համակարգում» բառերով.

2) 5.1-ին կետի «անդամավճարի» բառը փոխարինել «վճարի» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-5.5-րդ կետերով.

«5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող եւ կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձեւերը.

5.3) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը, հավատարմագրման նշանը եւ դրանց կիրառման կարգը.

5.4) հաստատում է հավատարմագրման խորհրդի կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը.

5.5) հաստատում է հավատարմագրման չափանիշները, ՀԳՄ-ների հավատարմագրման, գնահատումների կարգը եւ ժամկետները (այսուհետ՝ Կարգ):»:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հավատարմագրման ազգային մարմնի կրճատ անվանումն է «ԱՐՄՆԱԲ»:».

2) 4-րդ մասի՝

ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կառուցվածքով անկախ է եւ չունի ֆինանսական կամ կառավարչական հետաքրքրություն իր կողմից գնահատվող ՀԳՄ-ների նկատմամբ ու ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.»,

բ. 2-րդ կետը «անաչառությունը» բառից հետո լրացնել «, խորհրդատվություն չի տրամադրում ՀԳՄ-ին եւ չի մրցակցում դրա հետ» բառերով,

գ. 8-րդ կետի «համապատասխանության» բառը փոխարինել «իրազեկության» բառով,

դ. 9-րդ եւ 10-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) մշակում, ներդնում եւ կիրառում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան ընթացակարգեր, այդ թվում՝ հավատարմագրման, աշխատակիցների կատարողականի եւ իրազեկության մշտադիտարկման (մոնիտորինգի), հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգեր.

10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձեւով՝ առանց կազմակերպության վրա լրացուցիչ բեռ դնելու եւ հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաեւ արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.».

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-21-րդ կետերով.

«12) ստեղծում է հավատարմագրման կոմիտեներ եւ սահմանում դրանց գործունեության կարգը.

13) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին հավատարմագրման վկայագրի, ՀԳՄ-ի կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման չկանոնակարգվող եւ կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձեւերի վերաբերյալ.

14) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի եւ հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.

15) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաեւ ՀԳՄ-ների տված համապատասխանության սերտիֆիկատների, գրանցված համապատասխանության հայտարարագրերի եւ փորձարկման արձանագրությունների ռեեստրների ձեւավորումը եւ վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.

16) կազմակերպում է համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) եւ շնորհում համապատասխան վկայագրեր (սույն կետով սահմանված գործունեությունն ապահովելու նպատակով ԱՐՄՆԱԲ-ն ստեղծում է հանձնաժողովներ եւ սահմանում դրանց գործունեության կարգը).

17) ստեղծում է խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ եւ սահմանում դրանց գործունեության կարգը.

18) տրամադրում է ՀԳՄ-ներին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաեւ վերաձեւակերպված հավատարմագրման վկայագրեր.

19) տրամադրում է շահագրգիռ կողմերին տեղեկություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ.

20) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների ձեւաթղթերի տպագրությունը, դրանց հաշվառումն եւ տրամադրումը ՀԳՄ-ներին.

21) հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ազգային եւ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ների եւ դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը եւ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 8-րդ մասի 3-5-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում 3-5-րդ եւ 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) վերնագրից եւ 2-րդ մասից հանել «տեխնիկական» բառը.

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) հավատարմագրման, հավատարմագրման մերժման, ընդլայնման, կրճատման, պահպանման, կասեցման, վերականգնման, դադարեցման, վերահավատարմագրման վերաբերյալ որոշումների ընդունումը:».

4) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) փորձարկման, տրամաչափարկման, բժշկական լաբորատորիաները.».

2) 2-րդ կետը «արտադրանքի» բառից հետո լրացնել «, գործընթացի եւ ծառայությունների» բառերով.

3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում՝ չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ կետերով.

«5.1) որակավորման ստուգում իրականացնողները.

5.2) ստանդարտ նմուշներ պատրաստողները.

5.3) վավերացում (վալիդացում) եւ ստուգում (վերիֆիկացում) իրականացնող մարմինները.»:

Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հավատարմագրման գործընթացը եւ ժամկետը

1. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներին համապատասխան:

2. ՀԳՄ-ների հավատարմագրման եւ վերահավատարմագրման ժամկետը սահմանվում է չորս տարի:»:

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կիրառում են հավատարմագրման նշանը եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված Կարգով հավատարմագրված լինելու դեպքում.

2) դիմում են ԱՐՄՆԱԲ-ին՝ հավատարմագրման, հավատարմագրման ընդլայնման, կրճատման, կասեցման, վերականգնման կամ դադարեցման, հավատարմագրման ոլորտի արդիականացման, ինչպես նաեւ վերահավատարմագրման նպատակով.»:

Հոդված 15. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետի «վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար» բառերը փոխարինել «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով սահմանված վճարները» բառերով.

2) 4-րդ կետը «ոլորտում» բառից հետո լրացնել «եւ հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար դիմել միայն ԱՐՄՆԱԲ-ին՝ հաշվի առնելով հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների պահանջները:»:

Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Հավատարմագրման նշանի եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառման սահմանափակումը

1. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված կամ կասեցված ոլորտի շրջանակում ՀԳՄ-ների կողմից համապատասխանության գնահատման գործունեության իրականացումը՝ կիրառելով հավատարմագրման նշանը եւ (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը:»:

Հոդված 18. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1. Հավատարմագրման կրճատումը, լրիվ կամ մասնակի կասեցումը, դադարեցումը

1. Հավատարմագրման կրճատման հիմք են՝

1) ՀԳՄ-ի դիմումը.

2) Կարգով սահմանված դեպքերում գնահատումների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները:

2. Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցման հիմք են՝

1) ՀԳՄ-ի դիմումը.

2) գնահատումների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները Կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը.

3) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս ՀԳՄ-ների՝ Կարգով սահմանված հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանությունը.

4) ԱՐՄՆԱԲ-ի եւ ՀԳՄ-ի միջեւ կնքված հավատարմագրման պայմանագրում ամրագրված պարտավորությունների չկատարումը:

3. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում ՀԳՄ-ն չի կարող ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաեւ վերահավատարմագրման հայտ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում հավատարմագրման կասեցման ժամկետ է սահմանվում դիմումով առաջարկված ժամկետը, բայց ոչ ավելի, քան չորս ամիս: Հավատարմագրման կասեցումից հետո ՀԳՄ-ի կողմից պահանջները բավարարվելու դեպքում հավատարմագրումը վերականգնվում է ՀԳՄ-ի կասեցման ժամկետի ավարտից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ ներկայացված դիմումի համաձայն:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ավելի, քան չորս ամիս՝ ելնելով ՀԳՄ-ի տրամադրած կասեցման հիմքերը վերացնելու միջոցառումներն իրականացնելու ժամկետներից: Կասեցումից հետո հավատարմագրումը վերականգնվում է պարբերական կամ արտահերթ գնահատումների միջոցով:

6. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է՝

1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա.

2) սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.

3) գնահատումներից հրաժարվելու դեպքում.

4) ԱՐՄՆԱԲ-ին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում.

5) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի գնահատումների ընթացքում հայտնաբերված հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան եւ (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում.

6) ԱՐՄՆԱԲ-ի եւ ՀԳՄ-ի միջեւ կնքված հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում:

7. Գնահատումների ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների արդյունքներով հավատարմագրման դադարեցման կամ կրճատման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման կամ հավատարմագրման ընդլայնման հայտը ներկայացնել համապատասխան որոշումն ընդունելուց առնվազն վեց ամիս հետո՝ անհամապատասխանությունները վերացնելու դեպքում:»:

Հոդված 19. Օրենքի 18-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. ԱՐՄՆԱԲ-ն անդամակցում եւ համագործակցում է տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է նրանց գործունեությանը եւ համաձայնագրերի շնորհիվ ձեռք է բերում տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավատարմագրումների ճանաչման իրավասություն:

2. ԱՐՄՆԱԲ-ը տրված հավատարմագրումների ու հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ճանաչման համար կարող է դիմել տարածաշրջանային եւ միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, որն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում:

3. Բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ճանաչում է հավատարմագրման միջազգային եւ տարածաշրջանային բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի տված հավատարմագրումները:»:

Հոդված 20. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրած ՀԳՄ-ների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:

4. ԱՐՄՆԱԲ-ը չի մրցակցում այլ պետությունների հավատարմագրման մարմինների հետ:»:

Հոդված 21. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. ԱՐՄՆԱԲ-ը կարող է հավատարմագրման ծառայություններ մատուցել օտարերկրյա ՀԳՄ-ներին՝ հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ անդրսահմանային պահանջներին համապատասխան:»:

Հոդված 22. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. ԱՐՄՆԱԲ-ը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու փոխադարձ գնահատումների արդյունքները, ներառյալ՝ համապատասխանության գնահատման գործունեության հավատարմագրման ճանաչման շրջանակը, դրանց վերաբերյալ ցանկացած փոփոխության, ԱՐՄՆԱԲ-ի հավատարմագրած օտարերկրյա ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ տեղեկատվությունը:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «անդամավճարներից» բառը փոխարինել «վճարներից» բառով.

2) 2-րդ մասի «Մինչեւ երեք հավատարմագրման» բառերը փոխարինել «Հավատարմագրման» բառով:

Հոդված 24.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, լիազորված պետական կառավարման մարմինը հաստատում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 5.2-5.5-րդ կետերով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում, Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.06.2023
Երեւան
ՀՕ-178-Ն