Russian    
Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.03.2023
Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով, ինչպես նաեւ ներդրումային ընկերությունների միջոցով, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով:».

2) 5.1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների եւ օրենքով նախատեսված դեպքերում՝ բնակարանային հիպոտեկային կրեդիտների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:».

3) 8.1-ին մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.1. Բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով:

Մինչեւ 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության եւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրվող մինչեւ 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի եւ դրանցից ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.04.2023
Երեւան
ՀՕ-122-Ն