Armenian      
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2023
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) «ժե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժե) դոպինգ՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ.».

2)  «ժզ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժզ) հակադոպինգային գործունեություն՝ հակադոպինգային կրթություն եւ տեղեկատվություն, մարզիկների մրցումային եւ արտամրցումային դոպինգի ստուգում, սպորտում արգելված նյութերի եւ մեթոդների օգտագործման կանխարգելում եւ հակադոպինգային կանոնակարգերի մշակում եւ այլ գործունեություն, ինչպես սահմանված են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով եւ միջազգային չափորոշիչներով.».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժթ» կետով.

«ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «ժ.7» կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«ժ.7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը եւ նպաստում դրա համապատասխանությանը «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) հաստատած միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին եւ միջազգային չափորոշիչներին.»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի վերջին մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

 «ՀԱՕԿ-ը, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, աջակցություն է ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը սպորտում դոպինգի կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարին, ինչպես նաեւ պատասխանատու է սպորտում խտրականության եւ բռնության ցանկացած ձեւի արտահայտման հակազդեցության համար` օլիմպիական խարտիայի եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի «գ» կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«գ) աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը՝ իրականացնելու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով եւ միջազգային չափորոշիչներով ստանձնած իր պարտավորությունները:»:

Հոդված 5. Օրենքի 18.6-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալու բժշկական օգնություն եւ սպասարկում բժշկական կազմակերպություններում, շարունակական (դիսպանսերային) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում՝ հնարավորության դեպքում բժշկական անձնակազմին մշտապես տեղեկացնելով արգելված նյութեր եւ արգելված մեթոդներ չօգտագործելու պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվելու թերապեւտիկ օգտագործման թույլտվություն ստանալու՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իրավունքից.».

2) 3-րդ մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) տեղեկացված լինել եւ հետեւել արգելված նյութերի եւ մեթոդների օգտագործման պահանջներին եւ հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:

Հոդված 6. Օրենքի 18.7-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետեւել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:

Հոդված 7. Օրենքի 18.9-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հավաքական թիմի բժիշկները պարտավոր են հետեւել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.03.2023
Երեւան
ՀՕ-44-Ն