Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 17.01.2023
Հոդված 1.  1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 110.4-րդ եւ 110.5 -րդ հոդվածներով.

«Հոդված 110.4.   Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը

1. Գյուղատնտեսության բնագավառում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծումը, իրացումը, տնօրինումը, օգտագործումը, պահպանումը, տեղափոխումը, փորձարկումը, ստացումը կամ այլ կերպ գործածումը, բացառությամբ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակների՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Հոդված  110.5. Մեկուսացված համակարգում եւ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը

1. Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության համար մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական եւ մեթոդական պահանջները խախտելը կամ գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման կարգը խախտելը կամ մեկուսացված համակարգում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության եւ կենսաանվտանգության ապահովման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

2. Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունն առանց լիցենզիայի իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 2.  Օրենսգրքի 238.1-ին հոդվածի վերնագրում եւ հոդվածում «Բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով, «քննում են» բառերը՝ «քննում է» բառերով, «եւ 110» բառերը՝ «, 110, 110.4 եւ 110.5»  բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները եւ տարածքային պետական տեսուչները» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները եւ տարածքային մարմնի ղեկավարները» բառերով?

Հոդված 3. Սույն օրենքն ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից  վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.02.2023
Երեւան
ՀՕ-12-Ն