Armenian   Russian    
Մաքսային կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.07.2022

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը վերջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ օրենքով պետական այլ մարմիններին վերապահված եւ օրենքով նախատեսված դեպքում մաքսային մարմիններին վերապահված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացում մաքսային մարմինների կողմից:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30-րդ եւ 31-րդ կետերով.

«30) որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ պետական սահմանի անցման կետերում իրականացնում են սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթներ.

31) օրենքով նախատեսված դեպքում իրականացնում են սույն մասի 30-րդ կետով չնախատեսված սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթներ:»:

Հոդված 3. Օրենքը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1.  Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը

1. Մաքսային մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:

2. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթը մաքսային մարմինն իրականացնում է գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

3. Մաքսային մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթն իրականացնում են մաքսային մարմնի անունից:

4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 249-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «կողմից» բառը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, եւ (կամ) քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 12.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.07.2022
Երեւան
ՀՕ-323-Ն