Armenian      
Թանկարժեք մետաղների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2022

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանին (այսուհետ՝ գանձարան) վերապահված խնդիրների լուծումն ու գործառույթների իրականացումն ապահովում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ազգային պահուստում արժեքների հաշվեգրումն իրականացվում է կառավարության որոշումներով՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը` պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ: Գանձարանն իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը եւ կառավարության հանձնարարությամբ` դրանց ցուցադրումը: Ազգային պահուստում հաշվառման են ենթակա նաեւ պետական եւ համայնքային թանգարաններում եւ մշակութային կազմակերպություններում, արխիվներում գտնվող թանկարժեք մետաղները, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, կատարվում են ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կանոնադրության փոփոխությունները եւ սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.07.2022
Երեւան
ՀՕ-292-Ն