Armenian      
Սոցիալական աջակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ կետերով.

«3.1) պետական վկայագիր՝ որոշակի վավերապայմաններով եւ ձեւով անվանական ֆինանսական փաստաթուղթ, որը պետության կողմից սոցիալական ծառայություն մատուցած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին ֆինանսական փոխհատուցման կամ վկայագիրն ստացած ընտանիքին (անձին) որոշակի գույք ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է.

3.2) աջակցության քարտ՝ որով անձին կամ ընտանիքին մատուցվում է սույն օրենքով սահմանված սոցիալական ծառայություն՝ տրամադրված գումարի շրջանակներում.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վկայագիր ստացած ընտանիքին (անձին)՝ այն ներկայացնելու դեպքում: Պետական վկայագրի ձեւը, տրամադրման կարգը, պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «օրենքով չարգելված» բառերը փոխարինել «օրենսդրությամբ նախատեսված» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «վերականգնողական, տեխնիկական միջոցների եւ այլ օժանդակ սարքերի» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «տրամադրման կարգը եւ պայմանները» բառերը փոխարինել «տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձեւը եւ տրամադրվող գումարի չափը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Կացարանով ապահովելը

1. Կացարանով ապահովելը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձին (ընտանիքին) բնակելի տարածքով ապահովելու նպատակով սոցիալական ծառայության տրամադրումն է:

2. Կացարանը տրամադրվում է՝

1) օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդից՝ անհատույց կամ վարձակալական հիմունքներով՝

ա. բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված այն անձանց (ընտանիքներին), որոնք բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ չեն օտարել բնակարան (բնակելի տուն)՝ կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու եւ կացարան տրամադրելու ժամկետներին նախորդող հինգ տարիների ընթացքում,

բ. հրատապ արձագանք պահանջող՝ ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ հանգամանքներով պայմանավորված իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին).

2) որոշակի բնակության վայր չունեցող անձանց՝ որպես ժամանակավոր օթեւան.

3) ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչեւ 12 ամիս ժամկետով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարող անձանց (ընտանիքներին)՝

ա. բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման միջոցով,

բ. բնակարանի գնման պետական վկայագրի կամ հիպոտեկային վարկի մարմանն ուղղած ֆինանսական աջակցության միջոցով,

գ. նվիրաբերության միջոցով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով կարող են տրամադրվել՝

1) բնաիրային օգնություն՝ սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձեւով.

2) բժշկական օգնություն եւ սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության դրանք կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություններում եւ այլն):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝

1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձին (ընտանիքին) կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները, տրամադրման ժամկետները, հատուցելի պայմանագրերի գումարի չափը.

2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված անձանց ցանկը.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ժամանակավոր օթեւանի տեսակները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը իրավասու է արտահերթ կարգով ապահովելու կացարանով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել բնակարանային ապահովության ծրագրեր՝ ուղղված երիտասարդ ընտանիքներին, ներառյալ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելուն:»:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 6-րդ կետը «կենտրոններում,» բառից հետո լրացնել «համայնքային փոքր տներում,» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ծառայություններ:».

3) 6-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի «18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը փոխարինել «հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով.

4) 8-րդ մասի 5-րդ կետի «պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով.

5) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի ծառայություններ:».

6) 12-րդ մասի «եւ պայմանները» բառերը փոխարինել «, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձեւը եւ տրամադրվող գումարի չափը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 15-րդ կետը «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տնային (գտնվելու վայր) այցելության միջոցով» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տարածքային մարմնի լիազորությունների իրականացման եւ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) սահմանում է սոցիալական ծառայությունների այլ տեսակներ.»:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ եւ 7-րդ կետերի ««Սոցիալական աշխատանք» մասնագիտացման» բառերը փոխարինել ««Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման» բառերով.

2) 10-րդ կետը «դրա ընդունման ընթացակարգը» բառերից հետո լրացնել «, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի կազմակերպման ընթացակարգը, ծրագրերը, աջակցության քարտի միջոցով ձեռք բերվող գույքի ցանկը» բառերով.

3) 16-րդ կետը «ռեգիստր» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաստատում է նշված տեղեկատվական շտեմարանների վարման եւ շահագործման կարգը» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.

«16.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով սոցիալական ծառայություն մատուցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման եւ (կամ) սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ.».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.

«18.1) կնքում է համագործակցության պայմանագրեր կազմակերպությունների (ներառյալ՝ միջազգային) կամ ֆիզիկական անձանց հետ՝ սոցիալական ծառայության տրամադրման (ֆինանսավորման) նպատակով.»:

Հոդված 11. Օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելու կարգը, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձեւերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձեւավորման, դրանում ներառվող անձնական տվյալների ցանկը, դրանց՝ լիազորած պետական մարմնի եւ այլ պետական մարմինների կամ կազմակերպությունների միջեւ փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.06.2022
Երեւան
ՀՕ-277-Ն