Armenian      
Ընկերություննների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2022
Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումների տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կազմած ցանկում ներառված այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքի բյուջեում, որի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային եւ հողային տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Սույն մասում նշված այլ ընկերությունների ցանկը յուրաքանչյուր տարի կազմում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած չափորոշիչների հիման վրա:

2. Համայնքների ցանկը եւ բնապահպանական հարկից նրանց վարչական եւ ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները առաջիկա բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով: Մասհանումների չափերը որոշվում են՝ ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ եւ չորրորդ տարիների արդյունքներով բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնապահպանական հարկի հանրագումարից՝ պակասեցնելով այն առաջիկա բյուջետային տարվան նախորդող առաջին տարվա համար համապատասխան համայնքների համար պետական բյուջեով նախատեսված եւ երկրորդ տարվա համար համայնքին փաստացի հատկացված մասհանումների հանրագումարի չափով: Համայնքների կամ բնակավայրերի ցանկի կազմումը եւ ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացնում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

3. Սույն օրենքով մասհանումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի եւ միացությունների արտահոսքի, ինչպես նաեւ ընդերքօգտագործման, արտադրության կամ սպառման թափոնների՝ հատուկ հատկացված տեղերում տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկի գումարներից:

Հոդված 2. Բնապահպանական հարկից համայնքների վարչական եւ ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումների նպատակայնությունը

1. Բնապահպանական հարկից համայնքների վարչական եւ ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումները նպատակային միջոցներ են եւ օգտագործվում են տվյալ համայնքների վարչական տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

Հոդված 3. Բնապահպանական ծրագրով նախատեսվող միջոցառումները եւ դրանց ուղղությունները

1. Բնապահպանական ծրագիրը ներառում է համայնքի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային եւ հողային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը եւ մարդու առողջությանը հասցված վնասի վերականգնմանը կամ վնասակար ազդեցության մեղմմանն ուղղված հետեւյալ միջոցառումները.

1) մթնոլորտային օդի պահպանություն, այդ թվում՝ մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կանխարգելման միջոցառումներ.

2) ջրային ռեսուրսների պահպանություն, այդ թվում՝ ջրային ռեսուրսների որակի բարելավմանը, երկրորդային ջրօգտագործման ապահովմանն ուղղված միջոցառումներ, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մաքրման միջոցառումներ, ջրային ռեսուրսների մաքրման համակարգերի եւ կեղտաջրերի մաքրման (այդ թվում՝ կենսաբանական մաքրման) կայանների կառուցում, պահպանում եւ շահագործում, ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի եւ միացությունների արտահոսքերի կանխարգելման եւ վնասազերծման, ջրերի վնասակար ներգործության կանխարգելման, համայնքային կանաչ գոտիներում արդի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցառումներ.

3) թափոնների արդյունավետ գործածությանը, աղտոտված հողերի մոնիթորինգին, դրանց մաքրմանը, վնասազերծմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումներ (բացառությամբ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքով կարգավորվող աղբահանության եւ սանիտարական մաքրման գործընթացի).

4) աղտոտված հողերի մաքրմանը, հողերի դեգրադացիայի կանխմանը, ինչպես նաեւ աղտոտող նյութերի անվտանգ վնասազերծմանն ուղղված միջոցառումներ, հակասողանքային միջոցառումներ, խախտված տարածքների գեղագիտական արժեքի բարձրացման նպատակով դրանց վերականգնման, մարված պաշարներով հանքավայրերի տարածքների ռեկուլտիվացիայի միջոցառումներ.

5) կենսաբազմազանության, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը եւ կայուն oգտագործմանը, այդ թվում՝ կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների պահպանությանը (այդ թվում` անհետացած եւ անհետացող տեսակների վերականգնմանը), կենդանիների բնադրավայրերի եւ բնության գեղագիտական արժեքների պահպանությանն ուղղված միջոցառումներ.

6) բնակավայրերի կանաչ գոտիների պահպանման, վերականգնման, բարելավման միջոցառումներ.

7) շրջակա միջավայրի պահպանության գծով նախագծային, կիրառական, հետազոտական եւ փորձարարական աշխատանքներ, շրջակա միջավայրի վրա ներգործության հետազոտություններ կամ ուսումնասիրություններ.

8) շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման կամ իրազեկման, ոչ ֆորմալ էկոլոգիական կրթության եւ դաստիարակության հետ կապված միջոցառումներ.

9) շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների մշակում, դրա համար անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպում եւ իրականացում.

10) բնակչության առողջական վիճակի զննության կազմակերպում եւ իրականացում, դրանց իրականացման համար անհրաժեշտ համակարգերով ու սարքավորումներով բժշկական կենտրոնների վերազինում.

11) առողջության ամրապնդման եւ իրազեկման միջոցառումների կազմակերպում եւ իրականացում, այդ թվում՝ առողջ ապրելակերպի խթանում, վարքագծային գործոնների ձեւավորում (հիգիենայի կանոնների պահպանում, վնասակար սովորությունների դեմ պայքար), առողջ ապրելակերպի ձեւավորմանն ու խթանմանն ուղղված միջոցառումներ.

12) համայնքահենք բնապահպանական եւ առողջապահական հասարակական կազմակերպություններին սույն հոդվածում նշված միջոցառումների կատարման համար աջակցության տրամադրում:

Հոդված 4. Բնապահպանական ծրագրի նախագծի մշակումը եւ հաստատումը

1. Բնապահպանական ծրագրի նախագիծը կամ բնապահպանական ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերը կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը կամ շրջակա միջավայրի կամ առողջապահության ոլորտում համայնքի առաջնահերթությունները: Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը:

2. Բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումները կամ դրանում համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող փոփոխությունները համաձայնեցվում են շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ: Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Համաձայնություն չի տրվում, եթե՝

1) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսված բնապահպանական եւ առողջապահական միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային բնապահպանական ու առողջապահական կոնվենցիաներին եւ այլ իրավական ակտերին.

2) բնապահպանական ծրագրի նախագծի փաթեթում բացակայում են անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը, կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

3) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսվող բնապահպանական եւ առողջապահական միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով բնապահպանական ծրագրի իրականացման՝ համայնքին տրամադրելու համար հաշվարկված մասհանումների չափը.

4) բնապահպանական ծրագրի նախագծով նախատեսվող բնապահպանական եւ առողջապահական միջոցառումները չեն բխում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներից:

4. Շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցված բնապահպանական ծրագրի նախագիծը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին իրավասու է բնապահպանական ծրագիրը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները վերադարձնելու համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում դրանց լրամշակման նպատակով:

5. Համայնքի ավագանու հաստատած եւ տարածքային կառավարման մարմինների միջոցով համայնքի ղեկավարի ներկայացրած բնապահպանական ծրագրերը եւ դրանց գծով առաջիկա տարվա պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը ներկայացնում է ֆինանսների ոլորտի լիազոր մարմին:

6. Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսների ոլորտի լիազոր մարմինը, սույն հոդվածի համաձայն ստացված բնապահպանական ծրագրերի հիման վրա, հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն oրենքի 1-ին հոդվածին համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները, կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառվում է Կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:

7. Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են իրենց ներկայացրած ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվելիք հատկացումների եւ դրանց չափերի մասին:

Հոդված 5. Բնապահպանական ծրագրի նախագծի հրապարակումը եւ հաշվետվողականությունը

1. Բնապահպանական ծրագրի նախագիծը կամ դրանում փոփոխություններ նախատեսող առաջարկությունները շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ղեկավարը հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում: Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ դրանք հրապարակվում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:

2. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք բնապահպանական ծրագրի նախագծի կամ դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` տասնoրյա ժամկետում:

3. Ընթացիկ տարվա բնապահպանական ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն եւ այն ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը: Հաշվետվության ձեւը հաստատում է տարածքային կառավարման ոլորտի լիազոր մարմինը: Համայնքի ավագանու հաստատած հաշվետվությունը մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում: Վերջինիս բացակայության դեպքում համայնքի ղեկավարի ներկայացմամբ այն հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:

Հոդված 6. Համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական հարկից կատարվող մասհանման առնչությունը ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիային

1. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական հարկից կատարվող մասհանման չափով:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 1-ին հոդվածում նշված բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը Կառավարությունը սահմանում է վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված բնապահպանական ծրագրերի մշակման կարգը շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը սահմանում է վեցամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.06.2022
Երեւան
ՀՕ-145-Ն