Armenian      
Անտառային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2022
Հոդված 1. 2005 թվականի հոկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է1-է8» կետերով.

«է1) խնամքի եւ սանիտարական հատումների իրականացման կարգի սահմանումը.

է2) արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգի սահմանումը.

է3) անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանումը.

է4) պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգի սահմանումը.

է5) հատատեղերի հատկացման կարգի հաստատումը.

է6) անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.

է7) Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնների հաստատումը.

է8) Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության եւ գործողությունների ազգային ծրագրի հաստատումը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե1-ե5» կետերով.

«ե1) անտառավերականգնման եւ անտառապատման իրականացման կարգի սահմանումը.

ե2) անտառների կայուն կառավարման չափորոշիչների եւ ցուցանիշների հաստատումը.

ե3) անտառահատման տոմսի եւ անտառային տոմսի օրինակելի ձեւերի եւ դրանց տրամադրման կարգի հաստատումը.

ե4) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարեւանությամբ գտնվող բնակավայրերի ցանկի հաստատումը.

ե5) արտակարգ իրավիճակների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձեւի սահմանումը.»:

Հոդված 4. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «հրահանգը» բառը փոխարինել «կարգը» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի ու խնամքի եւ սանիտարական հատումների իրականացման կարգի համաձայն:»:

Հոդված 7. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «անտառավերականգնման հրահանգի» բառերը փոխարինել «անտառավերականգնման եւ անտառապատման իրականացման կարգի» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «անտառապատման հրահանգին» բառերը փոխարինել «անտառավերականգնման եւ անտառապատման իրականացման կարգի» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անտառահատման տոմսը եւ անտառային տոմսը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին եւ 3-րդ հոդվածներով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.06.2022
Երեւան
ՀՕ-141-Ն