Armenian      
Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2022
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16) որոշում է ընդունում Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.»:

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը եւ դրանցում առաջարկվող փոփոխությունները.»:

Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կազմում է Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը եւ սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.»:

Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Երեւանի բյուջեն Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձեւավորման եւ ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երեւանի զարգացման ծրագրի, ավագանու եւ քաղաքապետի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը:»:

Հոդված 5. Օրենքի 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 77. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ բյուջեի հրապարակումը

1. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ բյուջեն Երեւանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում եւ հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական եւ գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:»:

Հոդված 6. Օրենքի 83-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երեւանի բնակչության կենսական շահերը, Երեւանի զարգացման ծրագրերը, Երեւանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաեւ առկա ռեսուրսները:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.06.2022
Երեւան
ՀՕ-135-Ն