Armenian      
Վիճակախաղերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2022

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը՝ օրենքով սահմանված կարգով.»:

Հոդված 2. Օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, եւ հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:»:

Հոդված 3. Օրենքի 5.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.06.2022
Երեւան
ՀՕ-139-Ն