Russian    
Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.04.2022
Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից եւ սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից հանել «պաշտպանության մարտական գործողությունների կամ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ. շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1- ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված իրավունքը չի տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.05.2022
Երեւան
ՀՕ-104-Ն