Armenian      
Դրոշի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2022

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «(այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Հայաստանի Հանրապետության դրոշը Հանրապետության եւ Անկախության տոներին, ինչպես նաեւ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրերին տեղադրվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հրապարակների, փողոցների, այգիների եւ պուրակների հարակից վայրերում, շենքերի, շինությունների, այդ թվում` բնակելի շենքերի վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի կատարման ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.04.2022
Երեւան
ՀՕ-72-Ն