Armenian      
Քաղաքաշինության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2022
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի առաջին պարբերության «ը» կետը «քաղաքաշինական փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` Կառավարության սահմանած կարգի պահանջներին համապատասխան մշակված բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերը (բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերության «ե.1» կետով նախատեսված դեպքերի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» եւ «ե.1» կետերով.

«ե) կիրառելու բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում շինարարական ծրագրերի մեկնարկի եւ դրանց ֆինանսավորման (անկախ ֆինանսավորման աղբյուրից) համար, եթե այդպիսի պայման նախատեսված է շինարարական աշխատանքների կապալի եւ խորհրդատվական ծառայությունների պայմանագրերով: Ընդ որում, պետական բյուջեի միջոցների հաշվին բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի (աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների) ֆինանսական հատկացումների չափը մինչեւ նախագծերի տեղակապման (տեղայնացման) (օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված ժամկետում) ավարտը ենթակա է հաշվարկման քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած գնագոյացման համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգերին ու խոշորացված ցուցանիշներին համապատասխան.

ե.1) ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրված՝ կապալի պայմանագրերով նախատեսված դեպքերում բազմակի օգտագործման նախագծերի տնօրինումը, տիրապետումը, հետագա կիրառումը (օգտագործումը) այլ ծրագրերի շրջանակներում նույն կառուցապատողի (պատվիրատուի) կողմից կարող է իրականացվել սեփական հայեցողությամբ, միայն տեղակապման նախագծեր մշակելու միջոցով՝ առանց սույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերության «ը» կետով նախատեսված՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով դրանց հաստատումն ու կիրարկումն ապահովելը: Ընդ որում, կառուցապատողը (պատվիրատուն) իրավունք ունի իր հայեցողությամբ որոշված անձանց իր հայեցողությամբ որոշված պայմաններով տրամադրելու բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ տեղակապելու համար:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ պարբերության «ա» կետը «ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերության «ե» եւ «ե.1» կետերով նախատեսված դեպքերի)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) սահմանված կարգով հաստատված, փորձագիտական դրական եզրակացություն ստացած բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, տարածքների կառուցապատման եւ բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը: Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (0 նիշից ցածր ստորգետնյա հատվածի) տեղակապման նախագծային փաստաթղթերը ենթակա են հաստատման օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

11.03.2022
Երեւան
ՀՕ-51-Ն