Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2022

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 45-րդ եւ 46-րդ մասերով.

«Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը՝

առաջացնում է նախազգուշացում:

Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»:

Հոդված 2. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում «եւ երեսունհինգերորդ» բառերը փոխարինել «երեսունհինգերորդ, քառասունհինգերորդ եւ քառասունվեցերորդ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:



ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

11.03.2022
Երեւան
ՀՕ-41-Ն