Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2022
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը համարվում է մահվան պետական գրանցման օրը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ այն ժառանգատուների ժառանգության հարաբերությունների վրա, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, եւ որոնց ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո՝ առնվազն մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:

3. Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մահացած եւ առնվազն մեկ ամսվա ընթացքում ինքնությունը չհաստատված քաղաքացու մահվան պետական գրանցումն իրականացվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ապա ժառանգությունը կարող է ընդունվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ  Ա. ՍԻՄՈՆՅԱՆ



         

08.02.2022
Երեւան
ՀՕ-2-Ն