Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.2021
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում՝

1) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) առաջին ատյանի դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը (բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի ընդդատությանը վերապահված գործերի), քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) հակակոռուպցիոն դատարան՝ դատարան, որն իրավասու է քննելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 50-րդ կետով.

«50) կոռուպցիոն հանցագործություններ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործություններ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 44-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները քննում են բոլոր քրեական գործերը, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա գործերի, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաեւ վերահսկողություն են իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:

2. Հակակոռուպցիոն դատարանը քննում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, բացառությամբ երբ սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված կարգով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքը լրացվում կամ փոփոխվում է, որի արդյունքով անձին առաջադրվում է կոռուպցիոն հանցագործության կատարմանը մասնակցելու մեջ մեղադրանք:»:

Հոդված 3. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը «տարածքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «վարույթը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործություններից մեկը կոռուպցիոն հանցագործություն է, ապա գործը քննում է հակակոռուպցիոն դատարանը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բոլոր դեպքերում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն դատարան:»:

Հոդված 6. Օրենսգրքի 50-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հակակոռուպցիոն դատարանի ընդդատությունը չի կարող փոխվել սույն հոդվածով նախատեսված կանոններով:»:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը վերաբաշխվում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջեւ, եթե տվյալ գործերով անցում չի կատարվել դատաքննության փուլ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

15.10.2021
Երեւան
ՀՕ-333-Ն