Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.05.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ մասով.

«21. Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի իրականացման լիցենզիա ունեցող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հետագա օտարման ժամանակ Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի եւ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման գնի դրական տարբերությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41-րդ կետով.

«41) սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի իրականացման լիցենզիա ունեցող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից ստացվող եկամուտները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ եկամուտները ձեւավորվում են այն տրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) օտարումից, որը ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից շահագործման նպատակով հետագայում ներկայացվում է պետական հաշվառման:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2021
Երեւան
ՀՕ-224-Ն