Armenian      
Մաքսային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2021

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից բացի, մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են կիրառել նաեւ՝

1) մաքսային հսկողության իրականացման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.

2) քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

2.2. Ծառայողական շների կիրառման, վարժեցման եւ պահման կարգը հաստատվում է մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 4. Մաքսային մարմնի ղեկավարը ծառայողական շների կիրառման, վարժեցման եւ պահման կարգը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

02.06.2021
Երեւան
ՀՕ-216-Ն