Armenian      
Կուսակցությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2021

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 5-րդ կետը «առաջին երեք տասնյակի հաստատումը» բառերից հետո լրացնել «, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատումը» բառերով.

2) 5-րդ մասի 4-րդ կետը «համագումարի կողմից հաստատվելուց հետո» բառերից հետո լրացնել «կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի» բառերով.

3)  5-րդ մասի 5.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.1) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն օրենքով եւ կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններում՝ կուսակցության եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները.»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2021
Երեւան
ՀՕ-203-Ն