Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.04.2021

Հոդված 1. Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական դատավարության 2018 թվականի փետրվարի 9-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Եթե գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում դատարանը որոշում է կայացնում այն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված չափին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Վճարման կարգադրություն արձակվելու դեպքում պարտապանը կրում է դիմողի վճարած պետական տուրքի հատուցման պարտականությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշման մեջ դատարանը նշում է կատարում եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորության վերաբերյալ:»:

Հոդված 4. Օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը «ապացույցները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) եզրահանգումներ պետական տուրքի վճարման կամ դիմողի վճարած պետական տուրքի հատուցման վերաբերյալ:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումները պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում պարզեցված վարույթը դադարեցնելու դեպքում կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

28.04.2021
Երեւան
ՀՕ-178-Ն