Սոցիալական աջակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.02.2021

Հոդված 1.   ««Սոցիալական  աջակցության  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «եւ տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերը փոխարինել «ենթակա մարմնի ստորաբաժանումներ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «եւ տեղական ինքնակառավարման մարմինը», «եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» եւ «կամ համայնքային ծառայության» բառերը հանել, իսկ «են» բառը փոխարինել «է» բառով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը եւ կազմակերպում է դիմումների ընդունումը, հաշվառումը եւ փաստաթղթաշրջանառությունը.»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

«Հոդված 22.1.  Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները եւ կազմավորման կարգը

1. Միասնական սոցիալական ծառայությունը՝

1) իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի (անձի) սոցիալական գնահատում (սոցիալական կարիքների գնահատում) եւ կազմակերպում սոցիալական աջակցության տրամադրումը.

2) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը սոցիալական դեպքի վարման միջոցով.

3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված եւ օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի իրականացումը.

4) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) համար նախատեսված՝ գնահատված սոցիալական կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական ծրագրերի իրականացումը.

5) կազմակերպում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը եւ մատչելիությունը բարելավելու ուղղությամբ պետական ծրագրերի իրականացումը.

6) կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթեւան, սոցիալապես անապահով եւ (կամ) հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու (այդ թվում՝ ժամանակավոր) պետական ծրագրերի իրականացումը.

7) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունումը տարածքային մակարդակում.

8) գործատուներից, պետական այլ մարմիններից եւ կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակներ, նպաստներ եւ այլ դրամական վճարներ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.

9) հարկային մարմնից ստանում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ՝ շտեմարան) ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

10) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է  կենսաթոշակները, նպաստները եւ այլ դրամական վճարներ, ապահովում կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարների վճարումը կամ մերժում կենսաթոշակներ, նպաստներ եւ այլ դրամական վճարներ նշանակելու, նշանակված կենսաթոշակները, նպաստները եւ այլ դրամական վճարները վերահաշվարկելու դիմումները.

11) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց եւ պետական մարմիններին ու կազմակերպություններին.

12) սոցիալական աջակցությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

13) ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումը.

14) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր եւ կնքում երկկողմ պայմանագիր զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին.

15) հաշվառում եւ հաշվառումից հանում է աշխատանք փնտրող անձանց, տրամադրում է գործազուրկի կարգավիճակ, կասեցնում, վերականգնում եւ դադարեցնում է այդ կարգավիճակը.

16) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձեւավորման նպատակով.

17) տեղեկատվություն է հավաքում նոր ստեղծվող եւ թափուր աշխատատեղերի վերաբերյալ, թարմացնում է այդ տեղեկատվությունը եւ ապահովում հասանելիությունը.

18) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի եւ գործատուի միջեւ, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն եւ ուղեգրում գործատուի մոտ.

19) ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը.

20) տեղաբաշխում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը՝ ըստ տարածքների  եւ աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաեւ սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.

21) կազմակերպում է օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն  տրամադրելու, մերժելու, կասեցնելու կամ դադարեցնելու գործընթացները.

22) Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության այլ ծառայություններ.

23) կազմում եւ ամփոփում է սոցիալական աջակցության բնագավառի, ինչպես նաեւ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին առնչվող այլ վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությունները, դրանք սահմանված կարգով ներկայացնում է լիազորված պետական մարմին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ կազմակերպություններ.

24) համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպությունների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, միջազգային եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

25) Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում.

26) կազմակերպում եւ ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) գործընթացը.

27) կազմակերպում եւ ապահովում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը.

28) ապահովում է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով տարածքային մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը.

29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Միասնական սոցիալական ծառայության կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 6-րդ հոդվածի  5-րդ մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը, 33-րդ հոդվածի 2-րդ մասի  4-րդ կետը եւ 43-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 46-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ համայնքային» բառերը:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ  2021 թվականի ապրիլի 1-ը:

3. Սույն օրենքի ընդունումից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան գործառույթները եւ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների համապատասխան գործառույթները Միասնական սոցիալական ծառայությանը վերապահելու դեպքում այդ գործառույթներն իրականացնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Միասնական սոցիալական ծառայության անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի եւ քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում համապատասխան գործառույթներ եւ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկվել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ: Իրենց գրավոր համաձայնության դեպքում մրցույթի արդյունքով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են առաջարկվող պաշտոններին, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամկետային աշխատանքային պայմանագրերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

 4. Օրենսդրությամբ սահմանված ժամկետում առաջարկությունը մերժելու կամ առաջարկությանը չպատասխանելու դեպքում մրցույթի արդյունքով պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով ազատվում են զբաղեցրած պաշտոններից եւ իրենց դիմումի համաձայն կարող են գրանցվել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների  ժամկետային աշխատանքային պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվում են:

5. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության անվանացանկում կատարված լրացումների եւ փոփոխությունների հետեւանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, որոնք չեն զբաղեցվում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով,  կարող են զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով մինչեւ օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-70-Ն