Armenian      
2020 թվականի պետական բյուջեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2020
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-277-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 20-րդ կետում «սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետով հաստատված» բառերը փոխարինել «սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ եւ 19.1-ին կետերով հաստատված» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ կետով.

«24) սույն օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ եւ 19.1-ին կետերով նախատեսված հիմքերով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը կարող է ավելացվել ոչ ավելի, քան 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի` 6,170.2 մլրդ դրամի 7.4 տոկոսի չափով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետից հանել «ոչ ավելի, քան Կառավարության 2020 թվականի բյուջետային ուղերձում նշված 2020 թվականի համախառն ներքին արդյունքի վերանայված (կանխատեսվող) անվանական արժեքի` 6,485 մլրդ դրամի 5.0 տոկոսն» բառերը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.

«19.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունն ապահովելու նպատակներով փոփոխություններ կատարել սույն օրենքի N 1 եւ N 3 հավելվածներում, այդ թվում, բայց չսահմանափակվելով սույն օրենքով չնախատեսված լրացուցիչ մուտքեր ներգրավելու, նշված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված եկամուտների հաշվին սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերը եւ ելքերն ավելացնելու, սույն օրենքով չնախատեսված ծրագրեր եւ միջոցառումներ հաստատելու, սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարն ավելացնելու եղանակներով: Ընդ որում, սույն կետով նախատեսված նպատակներով իրականացվող բյուջետային ելքերի ֆինանսավորման համար, ըստ անհրաժեշտության, դրանց ֆինանսավորմանն ուղղել առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) եւ պետական արժեթղթերի (այդ թվում` պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի) իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները եւ պետական պարտատոմսերի տեղաբաշխումից զուտ մուտքերը, ինչպես նաեւ 2020 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի գումարները.»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) սույն հոդվածի 19-րդ եւ 19.1-ին կետերով հաստատված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես, եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.10.2020
Երեւան
ՀՕ-448-Ն